«Իշխանությունը դիմում է մի նոր մեքենայության, մի նոր տեսակի օպերացիայի». Լևոն Զուրաբյան
«Խախտումները բազմաթիվ են, ակնհայտ էր` իշխանությունն իրեն պարտված է համարում, այլապես չէր դիմի նմանատիպ բազմաթիվ խախտումների՝ և՛ լցոնումներ, ընտրակաշառքի բաժանում, և՛ բռնություն, ամեն տեսակի բան արձանագրել են ու դրա մասին և՛ Դատախազությանն ենք հայտնել, և՛ Մարդու իրավուքների պաշտպանին»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ամենամեծ նորույթը կապված է լրացուցիչ ցուցակների հետ. «Երևանի տարբեր տեղամասերում բազմաթիվ լրացուցիչ ցուցակներ են հայտաբարվել, ընդ որում՝ տարօրինակ զուգադիպությամբ ամեն մի տեղամասին կցված են լրացուցիչ ցուցակ, որում բոլորը գալիս են կոնկրետ մի բնակավայրից չգիտես ինչու, այն դեպքում, երբ լրացուցիչ ցուցակը պետք է պատահական ձևով ձևավորվի, այստեղ պարզ է, որ գործ ունենք հատուկ մի օպերացիայի հետ, իշխանությունը դիմում է մի նոր մեքենայության, մի նոր տեսակի օպերացիայի՝ ընտրակեղծարարական, ճգնում են ամեն կերպ ապահովել իրենց հաղթանակը: Մենք մեր կոչն արել ենք, ժողովուրդն ակտիվորեն մասնակցում է հանրաքվեին, այստեղ ժողովրդի մասնակցությունը պետք է կարողանա հաղթահարել ընտրակեղծարարության այդ հսկայական ծավալին»:
Մեր այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ հաշվի առնելով Ձեր նշած կեղծարարությունների դեպքերը, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Եթե լիներ ազատ և արդար հանրաքվե, ես որևէ կասկած չէի ունենա արդյունքի հետ կապված, ակնհայտ է ժողովրդի տրամադրությունը, բայց քանի որ մենք ունենք գործ ընտրակեղծարարության հսկայական ծավալների հետ, այդ վիճակում դժվար է գնահատել հանրաքվեի արդյունքը, որովհետև պարզ չէ՝ ժողովրդի կա՞մքն է ավելի արտահայտված լինելու, թե՞ ընտրակեղծարարների կարողությունը»:
Հարցին էլ՝ եթե անցնի հանրաքվեն՝ ՀԱԿ-ի գործողությունները որո՞նք են լինելու, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ դրա մասին կխոսեն վաղը՝ իրենց հանրահավաքի ժամանակ: