Իշխանության գինը. արյուն
«Եթե արյուն պետք է լինի, պետք է նվազագույն լինի այդ արյան թափումը և պետք է քաղաքական արդյունք բերի»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Նոր Հայաստան» շարժման մասնակից Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այդ մասին նա ասել է՝ ի պատասխան այն դիտարկման, որ 2013 թվականին ինքը հիասթափեցրեց հասարակությանը՝ փողոց հանելով, ապա՝ Ծիծեռնակաբերդ գնալով ու Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելով: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է նաև, որ ինքն այդ օրերի սխալներից դասեր է քաղել ու այդ սխալներն այլևս չի կրկնի:
Թե կոնկրետ որ սխալներից ու ինչպիսի հետևություն է արել Րաֆֆի Հովհաննիսյանը, նա չի մանրամասնել: Բայց նրա առաջին հայտարարությունը վկայում է, որ «Ժառանգության» առաջնորդը, ինչպես և մնացած գրեթե բոլոր ընդդիմադիրներն ընդհանրապես, խորքային առումով որևէ հետևություն էլ չի արել անցյալից ու այսօր էլ առաջնորդվում է նույն այն մոտեցմամբ, որով ընդդիմությունն առաջնորդվել է մեկ, հինգ, տասը և ավելի տարիներ առաջ:
Իսկ այդ մոտեցման հիմքում ընկած է արյունը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով: Հայաստանում բոլոր ընդդիմադիր շարժումները կառուցվել են այն սկզբունքի հիման վրա, որ շարժումը հասունացվի՝ մինչև իշխանության հետ բախման պահը, և ստեղծվի արյուն թափելու վտանգ: Դա, որքան էլ տհաճ հնչի, միանգամից երկու հնարավորություն է տալիս ընդդիմությանը: Արյուն թափվելու դեպքում՝ իշխանությանը մեղադրել անմեղ մարդկանց սպանելու մեջ, իսկ արյուն չթափվելու դեպքում՝ դա «մատուցել»՝ որպես բարի կամքի մեծագույն դրսևորում:
Երկու տարբերակներն էլ Հայաստանի նորագույն պատմության մեջ արձանագրվել են: Առաջինը՝ արյուն թափվելու պարագան, օգտագործվեց ու մինչև այսօր օգտագործվում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները նրա ու նրա ղեկավարած քաղաքական ուժի «զինանոցում» կայուն տեղ ունեն: Երկրորդ մոտեցումը ժամանակին օգտագործվել է Ստեփան Դեմիրճյանի կողմից, երբ նա տասնյակ-հազարավոր քաղաքացիների օրեր շարունակ փողոցում պահելուց հետո, ի վերջո, ուղարկեց տուն՝ հետագայում իր այդ քայլն արդարացնելով նրանով, որ հակառակ դեպքում՝ «կարող էր արյուն թափվել»:
«Կարող էր արյուն թափվել, բայց իմ իմաստնության ու խոհեմության շնորհիվ չթափվեց»,- սա էլ Րաֆֆի Հովհաննիսյանի ասածի իմաստն է: Այսինքն՝ մի դեպքում՝ «արյունը» դառնում է իշխանության հետ առևտրի առարկա, մյուս դեպքում՝ հասարակության: Սա, իհարկե, չի նշանակում, թե անմեղ քաղաքացիների սպանությունների համար մեղավոր է ընդդիմությունը: Ամենևի՛ն: Բնականաբար, մարդկանց վրա կրակելու հրաման տալիս է իշխանությունը, որն էլ պետք է կրի սպանությունների պատասխանատվությունը: Ընդդիմության մեղքը քաղաքական ու բարոյական է:
Ընդդիմության մեղքն այն է, որ տարիներ շարունակ չի կարողանում դուրս գալ իշխանության գալու «արյան» բանաձևից, որի հիմքում ընկած է այն, որ, այսպես թե այնպես, արյան թափումն անխուսափելի է, պարզապես, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասել՝ դա պետք է «քաղաքական արդյունք ունենա»:
Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ իշխանությունները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում ընտրություններից հետո թափված արյան համար, ընդդիմությունն էլ բարոյական պատասխանատվություն չի կրում հասարակությանն այդ ճանապարհով տանելու ու տապալվելու, ձախողելու համար: Արդյունքում՝ հասարակությունը հայտնվում է պոտենցիալ «թնդանոթի մսի» կարգավիճակում ու ընտրությունից՝ ընտրություն կենդանի մնալու հնարավորությունը կախված է մի դեպքում՝ իշխանության, մյուս դեպքում՝ ընդդիմության բարեհաճությունից:
Հայաստանում և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար մարդը, քաղաքացին ոչ թե նպատակ է, այլ միջոց: Ու քանի դեռ դա այդպես է, իշխանությունը ապրող ու մեռած մարդկանցով վերարտադրվելու է, ընդդիմություններն էլ շարունակելու են գլուխ գովել առ այն, որ կարող էր և ավելի շատ մարդ զոհվել, բայց իրենց շնորհիվ չզոհվեց: Րաֆֆին ամենակարևոր հարցում սխալներից հետևություն չի արել: Դրա համար էլ այսօր կանգնած է Ժիրայր Սէֆիլյանի կողքին ու ելույթ է ունենում մի քանի տասնյակ միտինգավորների առջև, այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ ստացել էր 500 հազար ընտրողների քվեն: