Այդ անհասկանալի ներդրումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստում տեղեկացրել է, որ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում, արդեն բոլոր ուղղություններով։ Սա մեջբերում էր պաշտոնական հաղորդագրությունից, այնպես որ` բառերի սխալ շարադրանք կամ թյուրըմբռնում չի կարող լինել։ Ի՞նչ է ասում պաշտոնական վիճակագրությունը։

Նախ` նշենք, որ ներդրումները վերջին շրջանում կարծես դիտավորյալ այնպես են ներկայացվում, որ դրանցից հնարավոր չլինի գլուխ հանել կամ զուգահեռներ անցկացնել նախորդ տարիների հետ։

Ամեն դեպքում` այս տարվա և նախորդ տարվա համեմատականն այդ զեկույցը տալիս է։ Այսպես, ԱՎԾ տվյալների համաձայն` 2015 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 141.5 մլրդ դրամ (զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` դրանք աճել են շուրջ 39 մլրդ դրամով կամ 27.5 տոկոսով։ Այդ թվում` ուղղակի ներդրումների զուտ հոսքն աճել է 17.9 մլրդ դրամով (կամ 16.7%-ով) և կազմել 125.1 մլրդ դրամ։

Այսինքն` ներդրումների աճի մասով էկոնոմիկայի նախարարը ճիշտ է ասում (եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը)։ Ավելին, նա ինչ-որ տեղ համեստություն է անում, քանի որ գրանցվել է ներդրումային հոսքերի երկնիշ աճ։

Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Նախ` հասկանալի չէ, թե ինչու, մերոնք որոշել են օտարերկրյա ներդրումները ներկայացնել ոչ թե` ԱՄՆ դոլարով, այլ` ՀՀ դրամով։ Իրական պատկերը ստանալու համար պետք է այդ ներդրումներն ինդեքսավորել` ըստ փոխարժեքի, և այդ դեպքում աճի տեմպը կնվազի։

Սա էլ մի կողմ թողնենք և անդրադառնանք «բոլոր ուղղություններով» արտահայտությանը։ «Հայկական Ժամանակ» օրաթերթի մեր գործընկերն այս ձևակերպմանը մի տեսանկյունից արդեն անդրադարձել է` դիտարկելով ներդրումների դինամիկան` ըստ ոլորտների։ Նա հիմնավորել է, որ ներդրումների հոսքը և աճը պայմանավորված է հիմնականում մեկ ոլորտով` հանքարդյունաբերության և հարակից ոլորտներով ներդրված գումարներով։

Նշվել էր, որ այս ոլորտում ներդրումներն աճել են 66 միլիոն դոլարով, ու երբ սա համադրում ենք ընդհանուր ներդրումների աճի ցուցանիշի` 47 միլիոն դոլարի հետ, ստացվում է, որ բացի հանքագործությունից, մյուս բոլոր ոլորտներում միասին վերցրած ներդրումները նվազել են 19 միլիոն դոլարով։

Ոլորտներին այսքանից ավելի չենք անդրադառնա։ Բայց դա դեռ ամենը չէ։ Ուղղություն ասվածը միայն ոլորտները չեն։ Երբ ասում ենք` բոլոր ուղղություններով, դրա տակ կարելի է հասկանալ, որ ներդրումներն աճել են բոլոր երկրներից, դրանց մեծ մասից կամ հիմնական գործընկեր երկրներից։

Ու այս տեսանկյունից պատկերն իսկապես հակասական է։
ԱՎԾ-ի կողմից ներդրումային վիճակագրության վերաբերյալ հաշվետվության մեջ ներառված է 3 տասնյակ երկիր, որոնց հետ մենք ներդրումային հարաբերություններ ունենք։ Այդ երեք տասնյակից 14-ի դեպքում ունենք ներդրումային հոսքերի կրճատում (թե՛ պորտֆելային, թե՛ ուղղակի)։

Սկսենք մեր հիմնական առևտրային գործընկեր և ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կազմել է 14.2 մլրդ դրամ, ուղղակի ներդրումներինը` 14.4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են, համապատասխանաբար, 38.2 մլրդ դրամ և 48.7 մլրդ դրամ։ Այսինքն, Ռուսաստանից կատարված ընդհանուր ներդրումների հոսքերը կրճատվել են 23.9 մլրդ դրամով (2.7 անգամ), իսկ ուղղակի ներդրումների հոսքերը` 34.2 մլրդ դրամով (մոտ 3.4 անգամ)։

Իսկ ինչպե՞ս են գործերը ԵՏՄ անդամ մեր մյուս գործընկերների հետ, օրինակ` Ղազախստանի։ Ոչ մի կերպ։ Այո, պետք չէ զարմանալ. պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա ընթացքում Ղազախստանի հետ՝ ներդրումային գործարքներ չենք ունեցել։ Իսկ Բելառուսի հետ չնչին չափով, այն էլ` ոչ մեր օգտին։ Այսպես, Բելառուսից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը բացասական է` 22 մլն դրամի չափով, իսկ ուղղակի ներդրումների հոսքը` 100 հազար դրամի չափով։ Այսինքն` տեղի է ունեցել կապիտալի արտահոսք։ Մի խոսքով, ԵՏՄ անդամակցությունը մեր տնտեսությանը ներդրումների առումով որևէ օգուտ չի տվել (ինչպես և արտաքին առևտրի առումով)։

Լավ, իսկ ո՞ր երկրներից են ամենից շատ ներդրումներ կատարվել։ Պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ առաջատարը Շվեյցարիան է։ Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այս երկիրը Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարել է 44.6 մլրդ դրամի ուղղակի ներդրումներ` նախորդ տարվա 5.3 մլրդ դրամի դիմաց։ Այդ թվում, ուղղակի ներդրումները կազմել են 41.7 մլրդ դրամ (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին` 4.9 մլրդ դրամ)։ Ի դեպ, հանքագործության ոլորտի ներդրումների մեծ մասը (ավելի քան 42 մլրդ դրամ) բաժին են ընկնում հենց Շվեյցարիային։

Ներդրումների աճի առումով երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է։ Հաշվետու ժամանակահատվածում այս երկիրը մեր տնտեսության մեջ ներդրել է ընդհանուր առմամբ 28.2 մլրդ դրամ։ Ներդրումների զուտ հոսքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 20 մլրդ դրամով։ Նշենք նաև, որ այս երկիրը ներդրումներ է կատարել հիմնականում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում։
Գերմանիայի հետ ներդրումային վիճակագրությունն այսպիսին է։ Հունվար-սեպտեմբերին ընդհանուր ներդրումների զուտ հոսքն աճել է 27.6 մլրդ դրամով և կազմել 29.7 մլրդ դրամ։ Սակայն ուղղակի ներդրումների հոսքը նվազել է 14.2 մլրդ դրամով և կազմել 1.6 մլրդ։ Ներդրումների մեծ մասը բաժին են ընկել հիմնային մետաղների արտադրության ոլորտին։
Պաշտոնական վիճակագրությունը, իրական հատվածից բացի, ներկայացնում է նաև ֆինանսական հատվածի ընկերությունների ներդրումային հոսքերի վիճակագրությունը` ըստ ՀՀ Կենտրոնական բանկից ստացված տվյալների։ Ու այս առումով պատկերն ավելի տխուր է։

ՀՀ ֆինանսական կազմակերպություններում ոչ ռեզիդենտների կողմից բաժնետիրական կապիտալում իրականացրած ուղղակի, պորտֆելային ներդրումների և տրամադրված վարկերի վիճակագրությունն ասում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը բացասական է եղել` 93.8 մլրդ դրամի չափով։ Իսկ ուղղակի ներդրումների հոսքերի բացասական ներհոսքը կազմել է 779.3 մլն դրամ։ Այսինքն, ֆինանսական հատվածի կապիտալը դուրս է հոսել, հիմնականում` դեպի Ռուսաստանի Դաշնություն (ավելի քան 61 մլրդ դրամ)։

Թերևս` այսքանը, քանի որ օտարերկրյա ներդրումների մեր խուճուճ վիճակագրության մեջ սրանից ավելի խորանալը կարող է սուր գլխացավի պատճառ դառնալ։ Սակայն այսքանն էլ բավարար է` հասկանալու համար, որ մտահոգվելու առիթներն ավելի շատ են, քան ուրախանալու։

Տեսանյութեր

Լրահոս