Բաժիններ՝

«Հայաստանում մասսայական մշակույթր զարգանում է ռուսերենի միջոցով, որը, իհարկե, վատ չէ, բայց երբեմն տարօրինակ է». Պյոտր Սվիտալսկի

Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Գրիգոր Խանջյան» սրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ծրագրին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագրի ղեկավար Թիմ Ուիլյամսը, հաղորդակցության մասնագետ Անաստասիա Նուրժինսկայան, Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ներկայացուցիչներ:

Ծրագրի շրջանակներում բացման խոսքով հանդես եկավ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ով մասնավորապես նշեց. «Այս ծրագիրը մեկնարկել է խիստ ժամանակին՝ Հայաստանի մշակութին օգնելու համար՝ մտածել եվրոպական լեզվով: Այդ լեզուն մշակութային և ստեղծագործական տնտեսության զարգացման լեզուն է, որը պետք է նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:

Ըստ ծրագրի մասնակիցների՝ եթե Մեծ Բրիտանիայում մշակույթի և ստեղծարարության ոլորտները դարձել են ժամում ավելի քան 11մլն եվրո շահույթ ապահովող աղբյուր, ապա Հայաստանում այս բնագավառները դեռ կայանալու ճանապարհին են: Եվրոպական Միության Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է՝ աջակցել այս ոլորտներում քաղաքականության մշակմանն ու ներուժի զարգացմանը:

Հանդիպմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին իր խոսքում կարևորեց ծրագրի անհրաժեշտությունն ու դրա ներդրումը Հայաստանի մշակութային ոլորտներում. «Մենք պետք է օգտագործենք այս ծրագիրն Արևելյան գործընկերության միջև մշակութային բացերը լրացնելու համար: Եվրոպական Միության Արևելյան երկրների որոշ պետությունների համար մասսայական մշակույթի զարգացման ավանդական ձևեր կան՝ Հայաստանում դա, օրինակ, հիմնականում ռուսերեն լեզուն է: Մասսայական մշակույթը զարգանում է ռուսերենի միջոցով, որը, իհարկե, վատ չէ, բայց երբեմն տարօրինակ է: Հասկանում եմ, որ դա հիմա այստեղ կիրառման ամենահարմար տարբերակն է, բայց ամենակարևորն այն է, որ Հայաստանը, չնայած Եվրասիական միությանը միանալու իր աշխարհաքաղաքական որոշմանը, արդյունավետ համագործակցում է նաև Եվրոպայի հետ, այդ թվում՝ նաև մշակութային խողովակներով: Մենք Եվրամիության պատվիրակության հատուկ ուշադրությունն ենք ուզում սևեռել բաց պատուհանների, բաց դռների վրա: Հայաստանը Եվրամիության մշակութային զարգացման մի մասնիկն է՝ եվրոպական մշակութային ժառանգության արժեքավոր մասնիկը, և ցանկացած այցելու դա նկատում է»:

12341290_10203668044500361_7724285602789805723_n

Քննարկման ընթացքում հնչած տեսակետներից, թերևս, ամենաակնառուն՝ մշակույթի և ստեղծարարության ոլորտներն ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 7 տոկոսը: Այս բնագավառները զարգանում են ավելի արագ, քան արտադրության և սպասարկման ոլորտները:

Ծրագրին ներկա ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ արդեն եկող տարի Հայաստանը կմիանա «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Բացի այդ, Հայաստանին կմիանան ևս երեք միջազգային ծրագրեր.

«Ծրագիրը մեծ նշանակություն ունի մի քանի տեսանկյունից. նախ և առաջ` ծրագրի հիմքում դրված է ստեղծագործ մտածողության կարևորությունը: Առայժմ ծրագրերի մեծամասնությունն ուղղված էր ընդհանուր դաշտի ստեղծմանը: Պատահական չէ, որ տվյալ ծրագիրը կոչվում է «Մշակույթ և ստեղծագործականություն», որովհետև ամեն մշակույթ նախ և առաջ՝ ստեղծագործություն է»: Այս ոլորտում Հայաստանը, ըստ Հասմիկ Պողոսյանի՝ մեծ ներուժ ունի. «Մենք` հայերս, ստեղծագործ ժողովուրդ ենք: Հայաստանն իր ստեղծագործություններով միշտ ներգրավված է եղել եվրոպական դաշտում, այսինքն՝ մենք մեր մշակույթը ստեղծել ենք` սերտ կապեր պահպանելով եվրոպականի հետ»: «Մշակույթ և ստեղծագործականություն» ծրագիրը, ի տարբերություն նախորդ ծրագրերի, խիստ իրատեսական է. այսպես է կարծում Հասմիկ Պողոսյանը:

Official launch of the EU, Eastern Partnership's 'Culture and creativity' program took place at Cafesjian Center for the Arts

Ծրագրի բաղադրիչներն ու հիմնական թեմաներն են՝ դաշնությունների կերտում, մշակույթի համար դրական միջավայրի ստեղծում, վկայությունների հավաքագրում, կրթություն, մշակութային ստեղծարար արդյունաբերության կարողությունների կառուցում, ալևելյան գործընկերության տարածում, մշակույթի առաջնորդների ներգրավում եվրոպական մշակութային տարածքում, մշակույթ և ճգնաժամ: Ծրագրի հինգ սկզբունքնեն են՝ խորհրդատվություն և օրակարգի հաստատում, մասնակցային ներառում ընդհանուր արժեքների ներդրմամբ, ստեղծարարություն, նորարարություն և փոփոխություն, հանդուրժողականություն, հարգանք և միավորում, համագործակցություն, փոխըմբռնում և հաջողության կիսում հասարակական և մասնավոր սեկտորների միջև:

Official launch of the EU, Eastern Partnership's 'Culture and creativity' program took place at Cafesjian Center for the Arts

Official launch of the EU, Eastern Partnership's 'Culture and creativity' program took place at Cafesjian Center for the Arts

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագիրը մեկնարկել է 2015թ. Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդավայում և Ադրբեջանում: Թեև ծրագիրը տարածաշրջանային է, սակայն յուրաքանչյուր երկրում այն կիրականացվի՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները: Ծրագրի տևողությունը երեք տարի է, իսկ բյուջեն կազմում է 4,2 մլն եվրո:

Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն աշխատաժողովներ, դասընթացներ, առցանց ուսուցման հարթակներ և ճանաչողական այցեր՝ համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս