«Իսրայելի օրինակը համադրելի չէ մեր իրավիճակի հետ». Վարդան Խաչատրյան

Յուրաքանչյուր Սահմանադրության հիմքում առանցքային խնդիրն այն է, որպեսզի խմբային էգոիզմը երկրի ներսում կասեցվի, մեզանում հակառակն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

«Գոնե պետք է ունենային տեսլականը կամ մոդելը, թե Հայաստանը նման Սահմանադրության պայմաններում 2020թ. ինչպիսի՞ն է լինելու: Երբ խոսքն այն մասին է, որ Սահմանադրությունը գոյություն ունեցող իրական հարաբերությունների վավերացումն է՝ որպես բարձրագույն օրենք, մեզ մոտ ինչպիսի՞ տեղաշարժեր են եղել: Գլխավոր տեղաշարժը եղել է՝ օլիգարխիայի սերտաճում իշխանության հետ, ինչը գնալով ավելի խորանում է: Սահմանադրությանը պետք է ասել՝ ոչ, որովհետև անպատկերացնելի է, թե ինչի է բերելու այդ հարաբերականության դաշտը: Հարաբերականություն, որտեղ անգամ իրավագիտական հասկացությունները, ինչպիսին են՝ «ճանաչում է» և «երաշխավորում է», մաքսիմում փոքրացված են՝ տալով բազմաթիվ մեկնաբանությունների հիմք: Ի՞նչ է նշանակում՝ օրգանական օրենքներ, որոնք կկարգավորեն Սահմանադրությունը: Որտե՞ղ եք տեսել, որ պոչը շանը պտտացնի: Եվ հանկարծ մեզ փորձում են բացատրել, որ նման բան պետք է լինի»,- ասաց նա:

Նա նշեց, որ Գլխավոր հրամանատարի հետ կապված նախագահի պարզաբանումներն ընկալել է, բայց առկախված մի խնդիր մնացել է. «Պատերազմի ժամանակ կիրառական փոփոխություններն ինչպե՞ս են իրականացվելու, եթե այնտեղ ոչինչ գրված չէ այդ մեխանիզմի մասին: Մեխանիզմն այնպիսին է, որ երկրի նախագահը կարող է համաձայնել, կարող է չհամաձայնել, և այս դեպքում, փաստորեն, սկսվում է մի գործընթաց, որը ոչ մի կերպ համադրելի չէ ՀՀ ֆիզիկական շրջանակների հետ: Այսինքն՝ օպերատիվ կառավարման, փոփոխությունների խնդիրը մեզ համար ամենակարևոր խնդիրների թվից է, որովհետև մենք չունենք այնպիսի հսկայական երկիր, որը կամայական հակառակորդին պարտադրի պայքարել տարածքի դեմ: Մեզանում ժամերը կարող են վճռել ամեն ինչ: Եվ հանկարծ այսպիսի հարաբերականության դաշտ ենք ձևավորում այս ժամանակաշրջանում:

Նշանակումներն անում է վարչապետը, ու վավերացնում՝ երկրի նախագահը: Հիմա, ասենք, երկուսն էլ հակադրվում են ու համաձայնության չեն գալիս, սկսվելու է մի ամբողջ գործընթաց, որն անհասկանալի է: Մեզ շրջապատող աշխարհը չի ենթադրում անվտանգության բնական այնպիսի աստիճան, որը հնարավորություն տա այդպիսի հարաբերականությունների: Մենք շրջապատված ենք աշխարհով, որտեղ հարևան պետությունների ներկայացուցիչներն արդեն տարիներով կռվում են իրար դեմ: Միգուցե՝ ոչ տաք, բայց պատերազմի մեջ ենք գտնվում: Եվ հիմա այս պայմաններում պատասխանատվության առանցքը տարրալուծվում է պառլամենտի վրա: Պառլամենտ ասվածը, դասական ձևակերպմամբ, տարբեր հայացքների տեր քաղաքական կազմակերպությունների դաշտ է: Հիմա տարբեր հայացքների տեր քաղաքական կազմակերպությունները, պատկերացնո՞ւմ եք, տարրալուծեն ազգային անվտանգության պատասխանատվությունն այնտեղ, որտեղ մեկը մյուսին ատում է, մեկը մյուսի հետ ի բնե հակադրված է ու մեկը մյուսի վրա պետք է գցի»:

Բանախոսը նշեց, որ Իսրայելի օրինակը թող չբերեն. «Իսրայելի օրինակը պարտիզանական կռիվներ են, որոնք վեր են աճել բախումների՝ շատ մեծ և կիրառական հովանավորության պայմաններում: Մեզ մոտ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ, մենք չգիտենք: Իսրայելի օրինակը համադրելի չէ մեր իրավիճակի հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս