Օբսիդիան արդյունահանողները ավելի քիչ պետտուրք կվճարեն
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու անհրաժեշտությամբ:
ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են օբսիդիանի չորս հանքավայրեր (Դամլիկի, Արտենիի, Արթին լեռի և Արթին լեռի Սևքարի տեղամաս):
Օբսիդիանի հանքավայրի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի նվազեցումը հնարավորություն կտա հանք շահագործող ընկերություններին շահագործել օբսիդիանի հանքավայրերը, ինչի արդյունքում օբսիդիանի հումք օգտագործող տեղական ընկերությունները կկարողանան փաստաթղթավորված կերպով ձեռք բերել անհրաժեշտ հումք:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվեն ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման հարցերը: