
Աջակցություն մարզերին

Գործադիրի այսօրվա որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 97 մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին՝ օգոստոսի 22-ի և հոկտեմբերի 4-ի կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ վճարող, ոռոգման ջուր օգտագործող, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ուժեղ կարկտահարությունից տուժել են մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն և Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների խճապատման, Խաչիկ համայնքի համայնքային ճանապարհների քարաթափման և Արարատի մարզի Դալար համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի վերանորոգման նպատակով:
Կառավարության որոշմամբ Լոռու մարզի Լեռնապատի առողջության կենտրոնի նախկին տնակային շինությունը նվիրաբերվել է Լեռնապատ համայնքին՝ մարզասրահի վերափոխելու նպատակով: Համայնքը պարտավորվել է կատարել համապատասխան ներդրումներ շինության վերանորոգման և գույքի ձեռբերման համար: Մարզասրահի կառուցումը կխթանի գյուղական համայնքներում սպորտի զարգացմանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի Բաղրամյան փողոցի 39 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է մարզի Արտենիի առողջության կենտրոնին՝ առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով: