
Հայաստանը 83 մլն եվրոյի վարկ կստանա KfW-ից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության` ի դեմս ֆինանսների նախարարության և Վերականգնման Վարկերի Բանկի (KfW) միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի 83 մլն եվրո արժողությամբ վարկային և ծրագրային համաձայնագրի նախագծին:
Ծրագրի շրջանակում տրամադրվելիք վարկային միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որով կապահովվի արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ս.թ. չորրորդ եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձի ապահովումը:
Գործադիրը որոշել է «Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» ՍՊԸ-ին տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն (5 տարի) շափյուղայի բյուրեղների աճեցման սարքավորումների մշակման, պատրաստման և շափյուղայի բյուրեղների արտադրության իրականացման համար: