«Որերորդ անգամ է փորձ արվում ապակայունացնել իրավիճակն ուսումնական հաստատություններում». Արմեն Աշոտյան

«Որերորդ անգամ է փորձ արվում ապակայունացնել իրավիճակն ուսումնական հաստատություններում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրիս օրենքները բոլորի համար են, և այն քարոզչությունը, որի մասին դուք փորձում եք բարձրաձայնել «Այո» շտաբի կողմից, վերջին երեք օրերի ընթացքում ինտենսիվ իրականացվում է «Ոչ»-ի տվյալ ներկայացուցիչների կողմից բուհերում՝ խախտելով օրենսդրությունը, դասադուլի կոչեր անելով, և այլն: Ուզում եմ հիշեցնել, որ կրթությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև ուսանող դառնալու պարագայում, մեր օրենսդրությամբ, բուհի հետ կնքած պայմանագրով, «Կրթության մասին» և բարձրագույն կրթության մասին օրենքներով՝ նաև ուսանողների պարտականություն: Հետևաբար՝ բոլոր քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է իրականացնել ուսումնական հաստատություններից դուրս, և ոչ՝ դասերի հաշվին: Ուսանողը սովորում է իր համար ու իր ճակատագրի համար, իր ապագայի համար, իր քաղաքական հայացքները կարող է ունենալ, ինչը մենք չենք քննադատում, հակառակը՝ ողջունում ենք ակտիվ երիտասարդությանը՝ անկախ իր դիրքորոշումներից: Բայց այդ ամենը պետք է արվի բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանն ասաց, որ լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերից մեկն է հաստատվել. խոսքը Գառնիի ավագ դպրոցին է վերաբերում: Նրա խոսքով՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը խիստ նկատողություն է ստացել. «Ինչո՞ւ գործից չեմ հանել: Շատ պարզ՝ նա, մեկ է, գործից դուրս է գալու, ժամանակավոր պաշտոնակատար է, չի կարող նորից լինել տնօրեն՝ տարիքի հետ կապված»: Միևնույն ժամանակ՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ կան բազմաթիվ դպրոցներ, որոնց տարածքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թույլատրված է անցկացնել հավաքներ, որովհետև այդ դպրոցները տվյալ համայնքի միակ քիչ թե շատ հարմար դահլիճ ունեցող հաստատություններն են:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս