25 տարում հանրահավաքային հիմնական «կոնտինգենտը» չի փոխվել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «25 տարում հանրահավաքային հիմնական «կոնտինգենտը» չի փոխվել: Մեծ մասամբ տարեց մարդիկ են, որոնք կգնան ցանկացած ընդդիմության ցանկացած հանրահավաքի՝ ներառյալ Արկադի Վարդանյանի եւ Տիգրան Կարապետովիչի:

Երբեմն հանրահավաքներում հայտնվում են նաեւ երիտասարդներ: Այդպես էր այս տարվա սկզբին, երբ մարդիկ գալիս էին «Եռյակի», սակայն ըստ էության՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին: Բայց այստեղ իր դերն էր խաղում այն, ինչ վերջին ժամանակներս որոշում է նաեւ ընտրությունների արդյունքը՝ փողը եւ վարչական ռեսուրսը: Հակառակ դեպքում՝ երբ ԲՀԿ-ի այն ժամանակվա առաջնորդը «չարիք» հայտարարվեց, 10 հազար միտինգավորներից գոնե 2-3 հոգի կգնային նախագահի նստավայրի մոտ եւ կհարցնեին՝ այդ ինչո՞ւ է մեր լիդերը չարիք:

… 88 թվականի Ազատության հրապարակում հավաքվում էին որոշակի կրթական, մտավոր եւ նյութական ցենզ ունեցող մարդիկ: Պարզ է, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները խոսում էին այդ մարդկանց հոգեհարազատ լեզվով: Խնդիրը, հետեւաբար, ոչ միայն քանակն է, այլեւ որակը: Այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչները ստիպված են խոսել «դեւը բռնեց Սերժին» մակարդակով՝ այն պարզ պատճառով, որ հենց այդ լսարանն է նրանց համար առավել մատչելի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս