
Գերմանիայում կվերահրատարակվի Հիտլերի Mein Kampf-ը

Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը 2016թ. հունվարին կվերահրատարակի Ադոլֆ Հիտլերի Mein Kampf («Իմ պայքարը») գիրքը, որը Գերմանիայում չի հրատարակվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր:
Աշխատանքը տպագրվելու է երկու հատորով՝ գրեթե երկու հազար էջով ու կարժենա 59 եվրո: Առաջին տպաքանակը բաղկացած կլինի 3,5-4 հազար օրինակից:
Հրատարակչի խոսքով՝ բնագիրը կուղեկցվի ծավալուն քննադատական մեկնաբանություններով, քանի որ գրքում վառ կերպով արտահայտված է հակասեմականությունը:
Mein Kampf-ի վերահրատարակությունը խիստ բացասական ռեակցիա էր առաջացրել Գերմանիայի հրեական համայնքի շրջանում: Ինստիտուտը, սակայն, նշում է, որ, հրապարակելով աշխատանքը, ցանկանում են ցրել դրա շուրջ առաջացած միֆերը:
Mein Kampf-ը Հիտլերը գրել է 1920-ականներին բանտարկության ժամանակ: Այն ինքնակենսագրական աշխատանք է, սակայն, միաժամանակ, քարոզում է ազգայնական-սոցիալիզմի գաղափարներ: