«Այս բարձրացրած խնդիրը չի կարող հասարակությանը շարժել». քաղաքագետը՝ «Նոր Հայաստանի» շարժման մասին

«Ճիշտն ասած, մեծ հեռանկարներ չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շարժման հեռանկարների մասին՝ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Նա իր կարծիքը հիմնավորեց նրանով, որ հասարակությունը ոչ թե «ոչ» է ասում, այլ ընդհանրապես անտարբեր է ամեն ինչի նկատմամբ՝ այդ թվում՝ նաև «ոչ»-ին, «բոյկոտին» նվիրված հանրահավաքներին: «Այս բարձրացրած խնդիրը չի կարող հասարակությանը շարժել, որ նրանք գան և միանան այս շարժմանը, հիմնական պատճառը դա է: Չեմ ուզում որևէ կերպ մեղադրել ընդդիմությանը, որ ինքը միավորված չէ, նրա առաջ քաշած օրակարգը չի համապատասխանում Հայաստանի օրակարգին, կամ իշխանությանը, որ ճնշումներ են գործադրում, և այլն, սրանք կարևոր չեն, երկրորդական են, հիմնականն այն է, որ ժողովուրդը պարզապես ապատիկ վիճակում է գտնվում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ա. Ենոքյանի խոսքով՝ գուցե կարելի է գտնել այնպիսի օրակարգ, որ բնակչությանը հոգեհարազատ լինի, նրանք հրապարակ դուրս գան. «Ամեն դեպքում Սահմանադրության հետ կապված հարցերը ժողովրդին անհետաքրքիր են»: Անդրադառնալով երեկ հանրահավաքի ժամանակ հնչած «Մա՛հ ռեժիմին«, «արյամբ կկառուցենք մեր երկիրը», «բռնությանը բռնությամբ կպատասխանենք» կոչերին՝ Ա. Ենոքյանը նշեց, որ դրանց մեջ միայն հռետորաբանություն է տեսնում. «Այսինքն՝ ժողովրդին ավելի հավատարիմ դարձնելու հարթակին, ավելի շատ զանգված հավաքելու»: Ա. Ենոքյանը կարծում է՝ սա հերթական ակցիան է, որն ավարտվելու է՝ առանց արդյունքի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս