«Դրանք մարգինալացված ուժեր են». Էդուարդ Շարմազանովը՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերի մասին

«Այսօր մենք նոր սահմանադրություն չենք գրում, այլ գործող սահմանադրության փոփոխություններ ենք անում, շտապողականություն չկա, քանի որ սա նոր սահմանադրություն չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումները ՀՀԿ-ի համար գերխնդիրը չէ, ինչո՞ւ վարչապետին «Այո»-ի շտաբի պետ նշանակեցիք, Է. Շարմազանովը պատասխանեց, որ դրանում օրենքի որևէ խախտում չի եղել.

«Մենք պետք է նայենք խնդրի օրինական կողմը, օրինակա՞ն է, թե՞ ոչ, կա՞ օրենքի խախտում, թե՞ ոչ: Չկա: Վարչապետի և այլ պաշտոնյաների ներգրավումը «Այո»-ի քարոզչության մեջ ոչ մի օրենքի խախտումով չի եղել: Այո, ՀՀԿ-ի համար դեկետմեբերի 6-ի «այո»-ն կյանքի ու մահվան հարց չէ, մեզ համար կան բազում առաջնահերթ խնդիրներ, ու չեմ կարծում՝ մեր կառավարության ներկայացուցիչները, որոնք ընդգրկվել են «այո»-ի կազմակերպչական աշխատանքներում, դա խանգարում է իրենց պարտականությունների իրականացմանը»:

Հարցին՝ ընդդիմությունը բարձրաձայնում է հանձնաժողովի անդամների կաշառվածության դեպքերի մասին, ՀՀԿ-ականներն էլ ասում են՝ ապացույցներ ներկայացրեք, այսպիսի մոտեցմամբ արդյոք հնարավո՞ր է ապահովել որակյալ հանրաքվե, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Ընդդիմություն ասվածը մեր երկրում բազմաշերտ է: Ընդդիմության մի հատվածը՝ մարգինալացված հատվածը՝ ի դեմս ՀԱԿ-ի և այլ քաղաքական կուսակցությունների, նման բաներ են ասում: Ընդդիմության պառլամենտական հատվածը «այո» է ասել սահմանադրությանը, պառլամենտական ուժերի մոտ կա քաղաքական կոնսոլիդացիա: Սա աննախադեպ կոնսոլիդացիա է: Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական կուսակցությունենր չունեն այնքան քանակով վստահաված անձինք, որ կարողանան իրենց տեղերը պահպանել:

Ճիշտ չէ, բարոյական չէ կանխավ մարդկանց մեղադրել իրենց իսկ քաղաքացիներին վաճառվելու մեջ: Խնդիրը քո մեջ պետք է նայես, եթե նրանք իրենց վստահված անձանց չեն կարողանում ապահովել 100-ից ավելի տեղամասերում, ինչպե՞ս պետք է ժողովրդին առաջնորդեն: Դրա համար ընդդիմություն ասածը վերապահումով կարելի է ասել, դրանք մարգինալացված ուժեր են»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե ընդդիմություն չպետք է ապահովի հանրաքվեի որակը, այլ իշխանությունները, մինչդեռ տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ ահազանգում են ընտրացուցակների ուռճացվածության մասին, Է. Շարմազանովը պատասխանեց, որ եթե կա ցուցակների ուռճացվածություն, թող դիմեն ոստիկանություն ու ճշտեն: «Ինչ վերաբերվում է հանրաքվեի որակին, այդ գնահատականը տալիս են դիտորդները: Ես հեռու եմ այն մտքից, որ որևէ խախտում չի լինելու, բայց իշխանությունը անելու է ամեն ինչ, որ այս հանրաքվեն անցնի հնարավորինս որակյալ»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Նա կրկին հայտարարեց, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամենահզոր կուսակցություն է, քանի որ ոչ մի քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից, չի կարողանում անգամ վստահված անձիք ունենալ ընտրատեղամասերում:

Տեսանյութեր

Լրահոս