«Թուրքերը չէին խոցի ռուսական ինքնաթիռը, եթե ՌԴ-ն արձագանքեր թուրքական ուղղաթիռների՝ ՀՀ սահմանը հատելու դեպքին»

Մեր զրուցակիցն է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, Սիրիայի իրադարձություններն այս օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են, իսկ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո լարվածությունը հասել է գագաթնակետին: Ի՞նչ զարգացումներ են սպասվում մեր տարածաշրջանում` Ձեր կարծիքով:

– ՌԴ նախագահ Պուտինի արտահայտությունը` «հարված թիկունքից», մատնանշում է մի պարզ ճշմարտություն. Թուրքիայի կանխամտածված սադրիչ գործողությունները շատ անսպասելի էին ռուսական ղեկավարության համար: Եվ դա չի կարող չզարմացնել: Հետխորհրդային ռուսական էլիտան իր հարաբերությունները Թուրքիայի հետ կառուցում էր փոխշահավետ առևտրատնտեսական փոխգործակցության հարթությունում, որը նրանց մոտ պատրանք էր ստեղծում, թե Թուրքիան լիովին կախված է Ռուսաստանից:

Միաժամանակ, կոշտ աշխարհաքաղաքական մրցակցության անցանկալի բոլոր ախտանիշները հարթեցվում էին: Մինչդեռ, Էրդողանի և Դավութօղլուի նեոօսմանյան նախագիծը՝ պանթուրքիզմի վառ արտահայտված հատկանիշներով, դեմ հանդիման ելավ և անխուսափելի բախվեց ռուսական հետաքրքրությունների հետ ամբողջ պարագծով՝ Բալկաններ, Ղրիմ, Կովկաս, Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա:

Ռուսաստանցիների մոտ կարճաժամկետ տնտեսական շահերը գերակայեցին երկարաժամկետ անվտանգության շահերի հանդեպ: Եվ այն, ինչ ռուսական քաղաքական դասակարգին պատկերվում էր` որպես Թուրքիայի կախվածություն, իրականում պարզվեց, որ փոխկախվածություն է: Ավիացիոն դարանակալումից ցուցադրաբար խոցված ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռը խոցելը պատերազմի ակտ է, բայց Ռուսաստանը ետ չկանչեց իր դեսպանին և ստիպված է վախվորած ոչ թե` ուղիղ ռազմական պատասխան գործողություններ իրականացնել, ինչը թույլ կտար նրան պահպանել գերտերության կարգավիճակը:

Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ, որ սադրանքի համար քաջություն Թուրքիան ձեռք է բերել նրանից հետո, երբ Ռուսաստանն անտեսեց և քայլեր չձեռնարկեց հոկտեմբերի սկզբին թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածք իրականացված ցուցադրական ներխուժումներից հետո, իսկ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Եթե այն ժամանակ ռուսական կողմը կոշտ դեմարշներ աներ, թուրքերը չէին համարձակվի խոցել Սիրիայի վրա ռուսական ինքնաթիռը: Հարաբերությունները մթագնած են. Ռուսաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի Սիրիայում թուրքական վստահված անձանց հանդեպ: Եվ Սիրիայում ազդեցության գոտիների բաժանման ժամանակ բուֆերային գոտու հիմնական թեկնածուներից Թուրքիան կարող է վերածվել ոչնչի ու զերծ մնալ որևէ հարցից: Ամեն դեպքում, ես չէի գերագնահատի ճգնաժամի խորությունը, չնայած սթափության որոշակի նշաններ ռուսական կողմի մոտ արդեն նկատվում են:

– Ի՞նչ ընթացք կունենան ռուս-թուրքական հարաբերությունները` հաշվի առնելով, որ ՌԴ-ն Թուրքիայի տնտեսական երկրորդ գործընկերն է:

– Ռուսաստանը ստիպված կլինի որոշակի ճշգրտումների գնալ Էրդողանի Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում: Սակայն այդ քայլերն անվճռական կլինեն: Օրինակ՝ գազի մատակարարումներից չեն հրաժարվի, բայց ատոմակայանի կառուցման նախագիծը կարող են սառեցնել: Տուրիզմից ամբողջությամբ չեն հրաժարվի, սակայն շատ ռուսների մոտ կսկսի գործել ինքնակարգավորումը, երբ հանգիստն Անթալիայում կդիտարկվի` որպես ինչ-որ անցանկալի և անգամ անարժան բան: Թուրքական ընկերությունների ծառայություններից ամբողջությամբ չեն հրաժարվի, սակայն ընտրողաբար կսահմանափակեն թուրքական վերնախավի հետ կապ ունեցող ընկերությունների գործունեությունը: Նաև ընտրողաբար կսահմանափակեն թուրքական արտահանումը:

– Որքանո՞վ է ՆԱՏՕ-ն պատրաստ ակտիվորեն ներգրավվել սիրիական հակամարտությունում:

– ՆԱՏՕ-ն արդեն ակտիվ գործում է Սիրիայում: Ամեն դեպքում, 65-ի կոալիցիայում, որն առաջնորդում է ԱՄՆ-ը, մտնում են ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները: Փարիզում ահաբեկչություններից հետո ֆրանսիացիները կլինեն այդ ակտիվության գագաթնակետին: Եվրոպացիները շահագրգիռ են թուրք-սիրիական սահմանի փակելու հարցում, և ֆրանսիացիները Ռուսաստանի հետ միասին առաջ կմղեն այդ գործընթացը: Ես չեմ բացառում, որ ԴԱԻՇ-ի դեմ որոշ գործողություններում կմասնակցեն ՆԱՏՕ-ի առանձին պետությունների հատուկջոկատայինների սահմանափակ կոնտինգենտներ:

– Ի՞նչ կտա ՌԴ-ի կողմից Թուրքիայի հետ հարաբերություններում հայ-թուրքական պատմական կնճռոտ թեմաների` Ցեղասպանություն, Ղարսի պայմանագիր, ակտիվացումը:

– «Սպրովեդլիվայա Ռոսիա» խմբակցությունն արդեն ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Հայերի ցեղասպանության ժխտումը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծ: Տեսնենք, թե ինչպես կանցնի քվեարկությունը Պետդումայում: Որքան էլ դա շոյի մեր ականջը, թեմայի շահագործման գործիքային բնույթն ակնհայտ է:

Մեզ անհրաժեշտ չէ ձգտել նրան, որ Ռուսաստանն ու այլ խաղացողներ նման տիպի օրենսդրական ակտեր ընդունեն ոչ թե` որպես քաղաքական ճնշումների լծակներ Թուրքիայի հետ հարաբերություններում ճգնաժամերի ժամանակ, այլ` ելնելով սեփական շահերից: Դրա համար անհրաժեշտ է հայկական դիվանագիտության առավել ակտիվ աշխատանք: Եթե Ղարսի և Մոսկվայի պայմանագրերի չեղյալ հայտարարման անհրաժեշտության հարցը հայկական կողմը չի մտցնում օրակարգ, ապա ռուս օրենսդիրներն իրենք դժվար թե նախաձեռնեն նման քայլեր:

Ըստ էության, պայմանագրերի չեղյալ հայտարարումը չի հանգեցնի նրան, որ մեզ կապույտ երիզով սկուտեղի վրա մատուցեն Նախիջևանը, բայց ակտիվ դիվանագիտության տեսակետից Ռուսաստանը հնարավորություն է ստանում լուրջ նախազգուշական ազդակ ուղարկել թուրքերին, իսկ մենք` լրացուցիչ գործոն` անորոշությամբ Ադրբեջանին ճնշելու և զսպելու համար:

– Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման թեման արդյոք պատահակա՞ն էր, թե՞ իսկապես ՌԴ-ն կարող է այն ԻՊ-ի դեմ պայքարում դարձնել հերթական բազաներից մեկը:

– Չեմ կարծում, որ ներկա դրությամբ ռուսական ռազմական օդուժն անհրաժեշտություն ունի Ստեփանակերտի օդանավակայանը որպես թռիչքադաշտ օգտագործել: Սակայն պատերազմի հարցերում կա երկաթյա կանոն` երբեք մի ասա` երբեք: ՌԴ գլխավոր հրամանատարության կողմից քննարկվող տարբեր սցենարների շարքում նման տարբերակի առաջարկն իմաստ կունենար, եթե արդեն այսօր հայկական պետությունների փոքր ավիացիայի թռիչքների համար ռուսական հստակ երաշխիքներ լինեին:

Տեսանյութեր

Լրահոս