Բաժիններ՝

Ձերբակալված «ահաբեկիչ» Արթուր Վարդանյան. «Թե բանտ կնետեն ինձ, թե կսպանեն՝ ինձ համար միևնույն է». aravot.am

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն այսօր բացահայտել է կազմակերպված հանցավոր խմբակցություն: Համացանցում տարածվել են այն լուսանկարները, որտեղ այդ խմբի վարձակալած բնակարանում երեւում են առյուծներով եռագույն դրոշներ, որոնք համապատասխանում են «Հայոց Վահան» կազմակերպության խորհրդանշանին:

aravot.am-ը ուսումնասիրել է այդ կազմակերպության ֆեյսբուքյան էջը, որտեղ նշված է, որ այդ կազմակերպությունը ստեղծվել է Քեսաբի ազատագրման համար և շարժման ղեկավարն էլ Արթուր Վարդանյանն է:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ Արթուր Վարդանյանի անունը նշված էր:

Ֆեյսբուքյան էջում կան բազմաթիվ նկարներ նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաներից:

Ուշագրավ է, որ Հայոց վահանի էջում տեղադրված տեսանյութերից մեկում Արթուր Վարդանյանը սուր քննադատության է ենթարկում իշխանություններին և ասում, թե ինչու է գալիս Հայաստան:

«Հարցազրույց՝ Հայոց Վահան շարժման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ» վերնագրված այդ տեսանյութում Արթուր Վարդանյանը բողոքում է, որ ինքներս մեզ կոտորում ենք, միացյալ չենք, ունենք կաշառակեր, անգրագետ մարդիկ, որոնք երկու բառ չեն կարողանում կապել, նստած լափում են:

Թե ինչու են իշխանությունները ստիպում, որ մարդիկ Հայաստանից արտագաղթեն, ըստ Արթուր Վարդանյանի՝ պատասխանը շատ պարզ է. «Ինչքան քիչ հայ լինի, այնքան հեշտ կլինի կառավարել երկիրը: Եթե մեր ներքին թշնամուն չկարողանանք հաղթել, արտաքին թշնամուն չենք կարողանա հաղթել…Հայհոյանքներ Ազգային ժողովում, անգրագետ խոսելակերպ, մարդիկ, որ արժանի չեն նույնիսկ կոշիկ մաքրելու, ներկայումս զբաղեցնում են պաշտոններ: Այդ ամեննն ունենալով՝ մենք ինչպե՞ս կարող ենք խոսել միջազգային ասպարեզում դիրքեր գրավելու մասին:…Ես ինձ սփյուռքահայ չեմ համարում, ես հայ եմ, Հայաստանում պետք է ինձ զգամ իմ տանը»: Նա բացատրում է տեսանյութում, թե ինչու է գալիս Հայաստան, եթե կարող է օտար երկրում ապահով ապրել:

Ըստ նրա, օտար երկրում միշտ մնում ես օտար. «Եթե ես նույնիսկ միակ ՀՀ քաղաքացին լինեմ, որ պետք է բարձրանա սարերը և մենակ պայքարի ներքին թշնամու դեմ՝ կբարձրանամ մենակս: Թե բանտ կնետեն ինձ թե կսպանեն՝ ինձ համար միեւնույն է: Կզոհաբերեմ ամեն ինչ, իմ համար միևնույն է: Մեկ փամփուշտ կվերցնեն, կբարձրանամ սարերը կկռվեմ: Ես մենակյաց Հայաստանը չեմ տա: Թող ինձ քննադատեն, ինչ պիտակ ուզում են կպցնեն, ես կմեռնեմ ոտքի վրա, որպես ազատ հայ: Կմեռնեմ, բայց Հայաստանը ոչ մեկի չեմ տա, թող հետո ինչ ուզում են խոսեն, իմ համար միևնույն է: Եթե մենակս պիտի մի ամբողջ բանակի դեմ գնամ՝ կգնամ, կմեռնեմ, թող դա լինի իմ վերջը: Քան թե դառնամ 80 տարեկան ու վերջիս շնչիս հիշեմ, թե ինչեր կարող էի անել ու չարեցի: Ես իմ ազգին ուզում եմ ուրախ տեսնեմ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս