
Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը բարձր է գնահատել հայ-սերբական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը կարևորել է Նախարար Բրատիսլավ Գաշիչի այցի շրջանակներում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը, նրա համոզմամբ, համալրեց փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի և Սերբիայի պաշտպանական գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության համար:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-սերբական դարավոր հարաբերություններն ունեցել են բարեկամության բազմաթիվ դրսևորումներ, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային կապերը, միանման հոգևոր արժեքները և փոխադարձ համակրանքը: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ուներ ս.թ. ապրիլին Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ներկայությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ դա բարեկամության և համերաշխության բացառիկ դրսևորում էր, ինչը հայ ժողովուրդը միշտ կհիշի և կգնահատի:
ՀՀ Նախագահը և Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ժամանակ քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգը, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի խնդիրներ: