
Հարկավոր է խուսափել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների էսկալացիայից. Օլանդ և Օբամա

Ռուսաստանին ու Թուրքիային հարկավոր է ուղիղ երկխոսություն սկսել, դա կօգնի խուսափել երկրների միջև լարվածության էսկալացիայից՝ կապված թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական ինքնաթիռի կործանման հետ:
Համատեղ մամլո ասուլիսում նման հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Կարծում եմ՝ հիմա մեզ համար շատ կարևոր է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ շփում հաստատեն, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունեցել ու միջոցառումներ ձեռնարկեն, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից»,- հայտարարել է Օբաման:
Ֆրանսիայի նախագահը համակարծիք է եղել: «Հարկավոր է խուսափել էսկալացիայից: Դա չափազանց անցանկալի կլիներ»,- ասել է Օլանդը:
Նա նաև նշել է, որ բոլորը պետք է համախմբվեն ընդհանուր թշնամու՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
«Պետք չէ մոռանալ, որ բոլորիս՝ Ֆրանսիայի, Թուրքիայի, Ռուսաստանի ընդհանուր թշնամին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: