
ՆԱՏՕ-ն իր համերաշխությունն է հայտնում Թուրքիային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է այն մասին, որ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, որը խոցվել է թուրքական F-16 ինքնաթիռի կողմից, խախտել է Թուրքիայի օդային տիրույթը, հայտնում է Reuters-ը:
«ՆԱՏՕ-ն համապատասխան տվյալներ է ստացել Թուրքիայից: Մեր գնահատականների համաձայն՝ դրանք համապատասխանում են նրան, ինչի մասին մենք տեղեկացվել էինք:
Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Թուրքիային ու աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
Նա նաև ընդգծել է, որ տվյալ դեպքը չպետք է ազդի Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա:
ՌԴ ՊՆ գլխավոր շտաբը, իր հերթին, հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային տիրույթը: