Բաժիններ՝

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր ևեթ այդ տնից դուրս եմ գալիս, թող հայկական որոշ լրատվամիջոցներ հանգստանան». Անդրանիկ Մանուկյան

Երեկ հայկական մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր նստավայր է դարձրել Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի տունը, թեև տան վարձակալության մասին պաշտոնական տվյալներ չկան, և իբրև թե իրականում դեսպանի նստավայրի մասին ցուցանակը «քող» է՝ նախկին պաշտոնյայի ու նրա կնոջ գույքն անձեռնմխելի պահելու նպատակով, քանի որ Սիվեցն Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի մտերիմներից է և ներգրավված է «մարքետինգային ծառայությունների» սխեմաների գործում՝ որպես կասկածյալ:

Հայկական որոշ կայքեր այս պատմությունը ներկայացրեցին՝ որպես ՀՀ դիվանագիտության դիմակազերծում, իբրև թե Հայաստանի գրեթե բոլոր դեսպանություններն իրականում դիվանագիտական աշխատանքի քողի տակ ընդամենն անձնական կամ կլանային բիզնես-ներկայացուցչություններ են:

Նման մեկնաբանություններից զերծ մնալու և անհարկի շահարկումներից խուսափելու համար դեսպան Անդրանիկ Մանուկյանն այլևս ազատում է այդ առանձնատունը և տեղափոխվում այլ բնակարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց անձամբ դեսպանը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր ևեթ այդ տնից դուրս եմ գալիս, թող հայկական որոշ լրատվամիջոցներ հանգստանան և ջուր չլցնեն ուրիշի ջրաղացին: Եթե կան նման ռիսկեր, ես երբեք ինձ թույլ չեմ տա, որ իմ երկրի՝ Հայաստանի անվան հետ որևէ բան կապվի: Ես արդեն իսկ դուրս եմ եկել այդ տնից, արդեն հանվել է դեսպանատան ցուցանակը, և իմ իրերը հավաքած՝ տեղափոխել եմ ուրիշ բնակարան»,- ասաց Ա.Մանուկյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանական մամուլը նույնությամբ տպում է հայկական մամուլի հրապարակումները, մինչդեռ ուկրաինական մամուլն այդպես չի մեկնաբանում: Ա.Մանուկյանը նշեց, որ, եթե, ինչպես գրում են Հայաստանում՝ կան ինչ-որ ռիսկեր, ապա ինքը երբեք ռիսկի չի ենթարկի իր երկիրը. «Ես դուրս եմ գալիս, իրավապահ մարմինները կարող են գալ և ինչ ուզում են՝ անեն: Ես այդ քայլն անում եմ նրա համար, որ մարդիկ իսկապես համոզվեն, որ ես կապ չունեմ տանտերերի հետ: Ես վարձակալ եմ, փող էի վճարում, վարձակալել էի և բնակվում էի՝ որպես դեսպանի առանձնատուն էր համարվում, ինչպես բոլոր դեսպաններն Ուկրաինայում, աշխարհում և Հայաստանում ունեն առանձնատներ: Ի դեպ, վարձակալության գումարները վճարում էի ես»:

Ա.Մանուկյանի խոսքով՝ ինքը տունը վարձակալել էր դեռևս 2013 թվականի սեպտեմբեր ամսից, և այն ժամանակ ոչ ոք չէր կարող մտածել, որ Ուկրաինայում կարող է հեղափոխություն լինել, որ Յանուկովիչը կարող է փախչել այդ երկրից, դավաճանել իր ժողովրդին: Նա նշեց, որ առանձնատունը վարձակալել է օրինական, պայմանագրի հիման վրա, տանտերը եղել է կին, և ինքը բնակվել է՝ որպես դեսպանի տուն. «Այս 2 տարիների ընթացքում իրավապահ մարմինները որևէ անգամ չեն հարցրել, թե ի՞նչ հիմունքներով եմ այդտեղ ապրում, որ տանտերերը, ինչպես գրում է հայկական մամուլը, հանցագործներ են, Յանուկովիչի մարդիկ են, ինձ որևէ մեկը երբեք չի մոտեցել և չի հարցրել նման բան: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու է հայկական մամուլն այդքան խառնվել իրար: Եթե տուն վարձակալելը հանցագործություն է, կամ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ես պարզապես ցավում եմ, որ մարդիկ այդպես են մտածում»:

Ա.Մանուկյանը նշեց, որ անհասկանալի է՝ ինչի համար է բարձրացվել այս աղմուկը, ինչի համար է դա արվում. «Ես արդեն 6-րդ տարին եմ Ուկրաինայում դեսպան, և այս ընթացքում աշխատել եմ անել ամեն ինչ՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով, որպեսզի բարձր պահեմ ՀՀ պատիվը, Ուկրաինայի կես միլիոնից ավելի հայկական համայնքին կարողանամ իմ ուժերի ներածին չափով օգտակար լինել, և եղել եմ, և երբեք համայնքի հաշվին նույնիսկ մեկ բաժակ ջուր խմած չկամ: Ինչ արել եմ, արել եմ ես, բոլոր կազմակերպչական միջոցառումները, արել եմ ես: Իհարկե, եղել են մարդիկ, որ ինչ-որ գործեր կատարել են: Ես արել եմ ամեն ինչ, որ մեր երկիրը լավ ներկայանա Ուկրաինայում, և դա ինձ մոտ ինչ-որ ձևով ստացվել է, եթե ադրբեջանցին ընդունում է, որ հայ համայնքը՝ դեսպանի գլխավորությամբ, կարողանում է չեզոքացնել ադրբեջանական և թուրքական համայնքներին՝ միասին վերցրած, և դա արդեն իմ խոսքը չէ, ադրբեջանական մամուլն է գրում: Եվ այս հարցով սևացնել ՀՀ դեսպանին, սա պարզապես անհասկանալի է և ամոթ է: Թող հանգստանան այդ կայքերը, ես դուրս եմ եկել այդ տանից, և կարող են իրենք լուր ուղարկել իրենց պատվիրատուներին, որ նրանք հայտնեն ուկրաինական իրավապահ մարմիններին, եթե, իհարկե, այդ տունը նրանց հետաքրքրում է, որ գան, ինչ ուզում են՝ անեն: Արդեն անձեռնմխելիություն չկա այդ տան վրա»:

Ա.Մանուկյանը նշեց, որ դեռևս մեկ տարի առանձնատան վարձակալության պայմանագիրն ուժի մեջ էր, և այն վաղաժամ դադարեցնելու համար պետք է նաև տուգանք վճարի. «Ես երեկ զանգահարել եմ տիրուհուն՝ հայտնել, որ դուրս եմ գալիս տանից: Արդեն հանել եմ ցուցանակը, հանել եմ դրոշը, իմ իրերը բարձած՝ տեղափոխել եմ այլ բնակարան: Այսինքն՝ խնդիրն ի՞նչն է, որ այդ ինչից և ում պատվերով գրված նյութից հայկական մամուլի որոշ տեսակներ ալեկոծվեցին, մեկնաբանություններ են անում, որ ՀՀ դիվանագիտությունը չի աշխատում… Ո՛չ, հայկական դիվանագիտությունը շատ լավ աշխատում է, պարզապես, եթե նման կայքերը հակահայկական քարոզչություն չանեն, շատ ավելի լավ կլինի: Ես կատարել եմ այն, ինչ պահանջվել է ինձնից, և մի բան էլ ավելին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս