
«Սարսանգի ջրամբարի հարցը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում է, քաղաքական բնույթ չի կրում». Վահրամ Բաղդասարյան

ԵԽԽՎ-ում հակահայկական փաստաթղթերի ընդունումն անհատներից չէ կախված: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ Սարսանգի ջրամբարի հարցը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում է, քաղաքական բնույթ չի կրում. «Զեկուցողը որևէ մեկ անգամ չի եղել տարածաշրջանում: Ժամանակին, երբ հարցը բարձրացվել էր, առաջարկվել էր համատեղ օգտագործել այն, բայց Ադրբեջանը հրաժարվել էր»:
Ինչ վերաբերում է համանախագահ Ուորլիքի զեկույցին, ապա Վ.Բաղդասարյանը հուսադրեց, որ Ղարաբաղյան խնդրին լուծում տվողը Մինսկի խումբն է. «Ադրբեջանն ուզում է իր պարտությունն արդարացնել: Ի՞նչ ավելի կարևոր ձևաչափ կարող է լինել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի մասնակցությունից բացի: Սադրիչ գործողություններով փորձում են շեղել մեկ այլ ձևաչափի, որտեղ, չեմ ուզում ասել կաշառքով, կարողացել են իրենցով անել ինչ-որ կառույցների, ու հանգուցալուծումը տեղափոխել այլ հարթությոն: Բայց դա չի հաջողվի, հանգուցալուծումը պետք է տա ՄԽ-ն»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի կայանալիք նիստում հնարավոր է ընթանա Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման քննարկում։