Բաժիններ՝

Ո՞վ է այս ամենը հնարել

Անգամ բյուջետային քննարկումները չփրկեցին։ Լրատվության ոլորտում ներքին ու արտաքին նորությունները տարօրինակորեն համահունչ են։ Գերակշռում է քրեական ոլորտի լրատվությունը։ Արտաքինը, բնականաբար, վերաբերում էր Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանն ու ռուսաստանյան ինքնաթիռի կործանման մանրամասներին։ Ներքին տեղեկատվության ոլորտում կենտրոնականը Հանքավանում տեղի ունեցածն է։ Իրավական և քրեական ոլորտների լրատվության փորձագետի կամ պարզ սպառողի հմտություններ չունենալով հանդերձ` կարող եմ պնդել, որ տեղեկատվության այս հատվածում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։

Լրատվամիջոցները քրեական փաստի մանրամասները ներկայացնելուց հետո սկսում են ներկայացնել մանրամասներ հանցագործների ու նրանց զոհերի մասին։ Սա ոչ մի իմաստով հայկական նորարարություն չես համարի։ Ժուռնալիստիկայում ընդունված մոտեցում է։ Հասարակական հնչեղություն ունեցող քրեական միջադեպերի մասին քաղաքական գործիչների կարծիքը պարզել ու հրապարակելն էլ զուտ հայկական երևույթ չէ։ Այդպես վարվում են, հավանաբար, բոլոր լրագրողները։ Հավանաբար` բոլոր երկրներում։

Զուտ կամ զտարյուն հայկական կարելի է համարել միայն այն կարծիքները, որ արտահայտում են մեր իրավապահ ոլորտի չինովնիկներն և իրենց քաղաքական գործիչ համարող անձինք։ Սյունիքի հանրահայտ մարզպետի տան մոտ տեղի ունեցած նույնքան հանրահայտ դեպքից անմիջապես հետո մեր գլխավոր դատախազը, որ այդ պահին դեռևս զինվորական դատախազ էր (եթե հիշողությունս չի դավաճանում) միանգամից հայտարարեց, որ տեղի ունեցածն ինքնապաշտպանություն է։

Գլուխը քարը, որ սույն հայտարարությամբ բարձաստիճան չինովնիկն ուղղորդեց հետաքննությունը։ Մարդը երևի շահագրգիռ էր հետաքննությունն այդ ճանապարհ ուղղորդելու։ Բառացիորեն նույն կարծիքը սկսեցին կրկնել մի քանի տասնյակ պատգամավորներ։ Միակ տարբերությունն այն էր, որ գլխավոր դատախազի խոսքը կիրթ էր, իրավաբանական տերմիններով փաթեթավորված։ Իսկ պատգամավորների մեծ մասի ելույթները տղայաքրեական տերմիններով էր փաթեթավորված։ Նրանք պնդում էին, որ տան վրա հարձակման դեպքում տղամարդը հենց այդպես էլ պիտի վարվի։ Բա հո իսկական հայ տղամարդը տան վրա հարձակման դեպքում չպիտի՞ դուռը փակի ու Ոստիկանություն զանգի։ Հատկապես տվյալ պարագային։

Ո՛չ իրավապահ չինովնիկներին, ո՛չ պատգամավորներին չհետաքրքրեց այն փաստը, որ հանրահայտ մարզպետի ո՛չ գորիսյան, ո՛չ երևանյան առանձնատները մոտոհրաձգային սովորական վաշտով չես գրավի։ Այս մեկնաբանություններից ու դեպքերի հետագա զարգացումներից հասարակությունը ենթադրեց, որ ճիշտը տղայական մոտեցումն է։ Իսկ Ոստիկանություն դիմելը գործ տալու պես բան է։

Վստահ եմ` Հանքավանում տեղի ունեցած երեք երիտասարդների սպանության հարցով բարոյական պատասխանատվության իր բաժինը ո՛չ գլխավոր դատախազն է զգում, ո՛չ էլ պատգամավորները։ Հանքավանում կատարվածի մասին հայտնի է հետևյալը. երկու գինովցած եղբայրներ ծեծել են մի մարդու։

Ծեծի ենթարկվածի որդին լսելով դեպքի մասին` եկել ու հրազենով սպանել է եղբայրներին ու նրանց ընկերոջը։ Սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Այս տեղեկատվությունը հրապարակելիս` լրատվամիջոցները քրեական դեպքն անմիջապես կապեցին խորհրդարանի հետ։ Ձերբակալվածն ԱԺ նախկին պատգամավորի զարմիկ է, ու ինչ-որ կապ ունի գործող մեկ այլ պատգամավորի հետ։ Բայց, կարծում եմ, միայն արյունակցական կամ բարեկամական կապի մասին խոսելը բավարար չէ։ Այստեղ շատ ավելի կարևոր է նրանց հոգևոր կապը։

Որքան ես հասկանում եմ` զուտ տղայական մտածողության տեսանկյունից` հոր վրեժը լուծողին պատասխանատվության ենթարկելը ճիշտ չէ։ Մեր իրավապահներն ու քաղաքական գործիչներն ամրոց-առանձնատան վրա մեկ ատրճանակով գրոհող երկու եղբայրներից մեկին սպանելն ու մյուսին հաշմելն արդարացրեցին։ Ուստի կարելի է նրանց թախանձագին խնդրել, որ, եթե արել եք առաջին քայլը, ապա շարունակեք նույն տրամաբանությամբ։ Հատկապես, որ սպանության մեջ մեղադրվող երիտասարդին հարազատներն ու նույնքան հարազատ գյուղապետն օրինակելի ու բոլորին օգնության հասնող բարեգործ են համարում։

Միայն այդքան բարի ու հոգատար անձը կարող է հոր հանդեպ անարդարության մասին լուրն առնելուց հետո վերցնել ինքնաձիգն ու… Շարունակությունը հայտնի է։ Հարգելի իրավապահներ, հոր թասիբը պահելը ևս հայտարարեք ՀՀ քաղաքացու բնականոն իրավունքի անքակտելի մաս։ Եթե այս եզրակացությանը հանգելուն ձեզ խանգարում են կամա կամ ակամա ստացած իրավական գիտելիքները, խորհրդակցեք մեր պատգամավորների հետ։ Մեր օրենսդիրները կազատեն ձեզ ոճիրի, պատժի ու դրանց համամասնության մասին ունեցած մասնագիտական պատրանքներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս