
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հյուսիսարևելյան սահմանագոտի

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքին, ունկնդրել է բանակային զորամիավորման հրամանատարի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Զորամասերից մեկում Նախագահը մասնակցել է նաև զինծառայողների համար նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանը:
Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ: