Զախարյան՝ Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հնարավորություն չկա
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի վաճառքից հետո մեկ ամսում միայն Երևանում մոտ 3 մլն կվտ/ժամ կորուստները քչացել են: Նրա նախնական հաշվարկներով՝ կորուստները հանրապետությունում 2-3% կրճատվելու հիմք կա, իսկ կորուստների 1% կրճատումը 2.5 մլրդ դրամ է կամ 5.5 մլն դոլար և այս հաշվարկից ելնելով միջինում 18 մլն դոլար կարող է ստվերից կամ կորուստներից նվազի ու մուծումներ արվի:
«Սա հիմք է հանդիսանում մոտ 4 դրամ սակագինն իջնելու համար»,- ասաց Ա.Մանուկայնը:
Ըստ նրա՝ նաև հաշվի առնելով, որ գազի գինը սահմանին 13%-ով իջել է, իսկ գազը մեծ ազդեցություն ունի էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ապա 2-3 դրամով էլ կարելի է այս աղբյուրից իջեցնել գինը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է այս գործոնների հիման վրա հայտ ներկայացնել հոսանքի գինն իջեցնելու համար:
«Ոչ, հնարավոր չենք համարում,- պատասխանեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և շարունակեց,- Ինչո՞ւ, որովհետև Ձեր կողմից հայտարարված կորուստների կրճատումը հիմնավորված և փաստաթղթավորված չեն այսօր»:
Ըստ նրա՝ եթե կան կորուստներ, ապա դրանք չեն համապատասխանում ՀԾԿՀ նորմատիվներին և երկար տարիներ ՀԷՑ-ի կորուստները եղել են ավելի մեծ, քան ՀԾԿՀ հաստատածը:
Գազի գնի հետ կապված Ե.Զախարյանը նշեց, որ առաջացած գումարը մնացում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որ կարողանա փոխհատուցել դոլար-դրամ փոխարժեքի տատանումները:
«Սակագնի վերանայման հնարավորություն չկա»,- եզրափակեց նախարարը: