«Էդքան մտահոգվո՞ւմ են մեր մասին, որ լևի չգնանք, սաղ նկարում են…». Հրանտ Բագրատյանը՝ Կորյուն Նահապետյանին
«Սաղ օրը նկարում են: Ես մինչև տնից հասնում եմ ստեղ՝ 18 կամերա ինձ նկարում են: Եթե դրանց նկարածները գումարենք, իմ ամբողջ կյանքն էկրանի առաջ ա: Արդեն շենքում բակի կողմից էլ են դրել: Այսինքն, Դուք ի՞նչ եք մտածում, էդքան մտահոգվո՞ւմ են մեր մասին, մեր առողջության մասին, որ մենք հանկարծ սխալ քայլ չանենք, չգիտեմ, լևի չգնանք, ինչ չանենք, տենց սաղ նկարում եք, ի՞նչ անենք, որ տեղ գնանք: Արդեն ռեստորան հրավիրում են հաց ուտելու, հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, գա ՞մ, թե՞ չէ: Մարդ ես, էլի, ուզում ես անեկդոտ պատմես, բնականաբար, չի ստացվում: Տանը հեչ չխոսենք, ամեն ինչ նկարվում է, լսվում է»,- այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանին:
Վերջինս հայտարարեց, թե Հրանտ Բագրատյանը չափազանցնում է, որ ամեն ինչ տեսանկարահանվում է: Նա նշեց, որ բազմիցս անդրադարձել են այս կամ այն տարածքում տեսանկարահանող սարքի տեղադրման նպատակահարմարությանը: Անձամբ Նահապետյանը, իր խոսքով, առաջին օրվանից ողջունել է սարքերի տեղադրումը, քանի որ դա դրական արդյունք է տվել, իսկ շա՞տ, թե՞ քիչ, դա քննարկման ենթակա է: Կ. Նահապետյանը Հ. Բագրատյանին առաջարկեց հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ սարքերի տեղադրման չափորոշիչների վերաբերյալ:
«Լսե՛ք, մեզ ձեռ մի՛ առեք, մի բան ենք ասում, անգամ բացահայտ կիքսի վերաբերյալ անընդհատ ասում եք՝ հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: 28 անգամ հանդես եմ եկել, մի անգամ քննարկե՞լ եք»,- Հ.Բագրատյանը խոսքը վրդովված ուղղեց ՀՀԿ-ականներին:
Ըստ նրա՝ եթե ընդդիմություն ես, չունես օրենսդրական նախաձեռնության իրավունք.
«Հիմա ի՞նչ ասեմ, շարունակեք տուգանել: Մեջն ի՞նչ կա, հա էլ կանենք, հա էլ կքննարկեք: Ձև ա դառնում, պատասխանատվություն չեմ զգում: Դուք մարդկանց նկարում եք ամեն տեղ, տուալետ չենք կարողանում մտնենք»: