
Աշոտյան-Զուրաբյան փոխադարձ մեղադրանքները շարունակվեցին նաև ԱԺ միջանցքում

Այսօր ԱԺ-ում «մենամարտեցին» ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ԱԺ նիստում Աշոտյանի հասցեին Զուրաբյանի հնչեցրած մեղադրանքների շարունակվեցին նաև ԱԺ միջանցքում:
Ա.Աշոտյանը լրագրողների հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, թե ինչպե՞ս են Լ. Զուրաբյանի խոսքրը «հալած յուղի» տեղ ընդունում: Նշելով, որ կան «ոչ»-ի տարբեր կենտրոններ, Ա. Աշոտյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչներից մեկին անհիմն մեղադրելով՝ Լ. Զուրաբյանը կարող է դառնալ «ոչ-ի Գյուլչատայը» (խմբ.՝ «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի հերոսուհիներից մեկն է): Ամենադրական կողմը, ըստ Աշոտյանի, այն է, որ ՀԱԿ-ը շարունակում է անվճար գովազդել իր վարած հաղորդումը:
Լ.Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարեց, որ կարող է ապացույցներ ներկայացնել ո՛չ միայն Ա. Աշոտյանի, այլև ՍԴ նխագահ Գագիկ Հարությունյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ: