ՌԴ-ն Սիրիայում ընդլայնել է ավիահարվածների գոտիները
ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Սիրիայում նոյեմբերի 11-12-ը իրականացրել են 107 մարտական թռիչք, որի ընթացքում ոչնչացրել են ահաբեկիչների 298 օբյեկտ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:
Ռուսական ավիացիան հարձակումներ է իրականացրել Հալեպ, Դամասկոս, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Դերաա, Հոմս ու Դեյր Զոր նահանգներում:
Մինչ այդ, դատելով ՌԴ ՊՆ-ի հաղորդագրություններից, հարվածները հիմնականում հասցվել էին 6 նահանգում, իսկ հիմա հարվածների աշխարհագրությունը ընդլայնվել է մինչև 8-ի, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Reuters-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ենթադրաբար, ռուս զինվորականները առաջին անգամ հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Դերաա նահանգում:
Կոնաշենկովն այսօր հայտարարել է, որ ռուսական ավիացիան Սիրիայի Լաթաքիա նահանգում ոչնչացրել է «Ջեբխատ ան-Նուսրայի» հրամանատարական կետը:
«Լաթաքիայի Կդին արվարձանում ոչնչացվել է «Ջեբխատ ան-Նուսրայի» հրամանատարական կետը: Կետային հարվածի հետևանքով շինությունը՝ ահաբեկիչների հետ միասին, ամբողջությամբ ոչնչացվել է»,- ասել է նա: