«Միակ ճանապարհը Արցախի ճանաչումն է». Զարուհի Փոստանջյան

«Այն, որ միանշանակ է, որ ամբողջ տարածաշրջանը, քարտեզը գտնվում է շարժման մեջ և ոչ մի այց ու քննարկում պատահական չէ, և հատկապես հիմա, որ հայտնում են, թե Ստեփանակերտի օդանավակայանը կարելի է օգտագործել ռուսական զինված ուժերին տրամադրելու համար, սա խոսում է այն մասին, որ, իհարկե, բանակցություների ինչ-որ գաղտնի գործընթաց է տեղի ունենում, որը մեզ համար հայտնի ու հասանելի չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով ազատագրված տարածքները հանձնելու շուրջ խոսակցությունների ակտիվացումն ու ԼՂՀ նախագահի հայտարարությունը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ:

Ըստ նրա՝ նաև միանշանակ է, որ այս պահին եղած ստատուս քվոն մեր անվտանգության միակ ստատուս քվոն է և, եթե պետք է փոփոխություն տեղի ունենա, միակ փոփոխությունն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուժերը գործադրեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվի. «Ստատուս քվոյի փոփոխության վերաբերյալ միակ խնդիրը դա է: Այլ կերպ՝ ոչ մի տարածք մենք հանձնելու կամ տրամադրելու, կամ խաղաղապահ ուժեր բերելու խնդիր չունենք: Ավելին՝ եթե ուզում ենք, որպեսզի այս տարածքում ապահովվի անվտանգությունը բոլոր ասպարեզներում, խաղաղություն լինի, ապա միակ ճանապարհը Արցախի ճանաչումն է»:

Հարցին, թե հնարավո՞ր է ճնշումներ գործադրվեն Սերժ Սարգսյանի վրա՝ անվտանգության գոտու շրջանները հանձնելու համար, Զ.Փոստանջյանն ընդգծեց, որ ՀՀ-ի դե յուրե նախագահին որևիցե իրավունք չի վերապահված ՀՀ անվտանգությունը զիջելու կամ խախտելու, կամ Արցախի և ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը խախտելու:

Դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխությունները ոմանք կապում են Արցախի խնդրի հետ, Զ.Փոստանջյանը համաձայնեց. «Ամեն դեպքում սահմանադրական փոփոխությունները, իրոք, միտված են մեր ինքնիշխանության և պետականության խոցելիությանը»:

Տեսանյութեր

Լրահոս