Բաժիններ՝

Հայերը հրաժարվում են մեկնել Եգիպտոս

Ո՞ւր գնալ հանգստանալու։ Հայաստանցի ընտանիքներն այս հարցն իրենց տալիս են տարվա մեջ հիմնականում 2 անգամ։ Առաջին անգամ, երբ ցանկանում են մեկնել ամառային հանգստի, իսկ երկրորդ դեպքում` Ամանորից առաջ։

Ամառվա սեզոնին տարբերակներն են` Հունաստան, Կիպրոս, Թուրքիա, Թաիլանդ, Վրաստան և այլն։ Հատկապես Վրաստանը գնալով պոպուլյար է դառնում, քանի որ միջին եկամուտ ունեցող ընտանիքը կարող է իրեն թույլ տալ սեփական մեքենայով մեկ շաբաթով մեկնել հարևան երկիր` Սև Ծովի ափին արևայրուք ընդունելու։

Ձմեռվա տարբերակը նոր է սկսել մոդայիկ դառնալ։ Եթե ժամանակին հայերը նախընտրում էին Ամանորը դիմավորել Հայաստանում` մեծ ընտանիքի բոլոր անդամներով, հյուր ընդունել և ճանապարհել, ապա այսօր շատերը ցանկանում են այդ օրերին բացակայել Հայաստանից։ Իսկ ձմեռային փաթեթների դեպքում ցանկալի է ընտրել այնպիսի երկիր, որտեղ եղանակը տաք է և հնարավոր է լողալ։

Այս դեպքում հիմնական տարբերակներն են Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Կան նաև այլ էկզոտիկ տարբերակներ, սակայն դրանք ոչ բոլորի համար են մատչելի։ Համեմատության մեջ` անգամ ԱՄԷ-ի տարբերակն է թանկ։ Հայաստանյան զբոսաշրջային շուկայում արտերկրյա ամենաէժան փաթեթները Եգիպտոսինն են, այդ իսկ պատճառով մեր հայրենակիցներն այս սեզոնին սովորաբար նախընտրում էին մեկնել Շարմ էլ Շեյխ կամ Հուրգադա։

Սակայն պատկերն արագ փոխվում է, և չնայած ցածր գներին` Հայաստանում մարդիկ սկսել են երկմտել` մեկնե՞լ Ամանորը այնտեղ դիմավորելու, թե՞ ոչ։ Պատճառը, իհարկե, ռուսական A321 ինքնաթիռի` հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարն է։
Նշենք, որ թեպետ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ ավիավթարից հետո ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները նշյալ ուղղությամբ, հայաստանյան տուրօպերատորները շարունակում են դեպի Եգիպտոս փաթեթներ առաջարկել։

ՀՀ Արտգործնախարարությունը դեռևս ոչ մի հայտարարություն չի տարածել` զբոսաշրջիկներին կոչ անելով խուսափել այդ երկիր այցելություններից։ Միայն ուժի մեջ է տևական ժամանակ առաջ տարածված հայտարարությունը (տարածվել է այս տարվա հունիսի սկզբին), որով ԱԳՆ-ն հորդորում է հայ զբոսաշրջիկներին Եգիպտոս մեկնելու դեպքում դուրս չգալ հանգստյան գոտուց։ Այսինքն` կարելի է գնալ, սակայն տեղում պետք է զգույշ լինել։

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Եգիպտոսի որևէ քաղաք կանոնավոր ուղիղ չվերթ չի գործում, սակայն ամանորյա տոների հետ կապված` կազմակերպվում են մի քանի չարտերային թռիչքներ։ Բացի այդ` հնարավոր է Եգիպտոս թռչել Թբիլիսիի օդակայանից։ Այսինքն` ցանկության դեպքում կարելի է մեկնել Սինայի թերակղզի։
Սակայն… Հայաստանում մարդիկ իրենք են հրաժարվում մեկնել Եգիպտոս։
Նշենք, որ մի շարք գործակալություններ առաջարկում են միքանիօրյա փաթեթներ դեպի Եգիպտոս` սկսած 350 դոլարից։ Սրա մեջ մտնում է տեղափոխումը Երևանից Թբիլիսի և հակառակը, ինքնաթիռի տոմսը, հյուրանոցը` all inclusive տարբերակով։ Սակայն անգամ անհավատալի գները շատերին չեն կարողանում ստիպել արձակուրդի համար ընտրել այդ տարբերակը։

«Ցավոք, շատերը խուճապի մատնված` վերադարձնում են նախօրոք գնված փաթեթները դեպի Եգիպտոս»,- սա հայկական տուրընկերություններից մեկի հղումն է` տեղադրված իր ֆեյսբուքյան էջում։ B4B.am-ը փորձել է ընկերությունից պարզել ինֆորմացիայի հավաստիությունը։ Տուրօպերատորը նշել է, որ A321 օդանավի վթարից հետո իրենցից նախապես գնված փաթեթները հետ են վերադարձվել` չնայած այն փաստին, որ քաղաքացիները տուժել են այդ հետվերադարձից. «Սա կարող է հանգեցնել նրան, որ Եգիպտոս տուրեր ընդհանրապես չիրականացնենք։ Քանի որ ընկերությունը ևս տուժում է այդ փաստից»։

«Disney Tour Armenia» ընկերության տնօրեն Հասմիկ Գուլանյանը ևս B4B.am-ին տեղեկացրել է, որ իրենք այս պահի դրությամբ դադարեցրել են դեպի Եգիպտոս տուր փաթեթների վաճառքը։ Մտավախություն կա, որ կարող են վաճառել, հետո մարդիկ մտափոխվեն, վերադարձնեն։

Բնականաբար, հետվերադարձից տոկոս է պահվում` ի վնաս հաճախորդների, սակայն դա նաև տուրօպերատորներին ձեռնտու չէ։

«Disney Tour Armenia» ընկերությունից մինչ ավիավթարը գնված փաթեթների հաճախորդները երեք օր առաջ զանգահարել են, ցանկություն են հայտնել փաթեթները վերադարձնելու, սակայն հետո կրկին մտափոխվել են. «Այնտեղից եկող տուրիստները հայտնում են, որ ամեն ինչ նորմալ էր, ճիշտ է, հսկողությունը մեծացված էր, սակայն դա ի շահ հանգստացողների էր։ Իրենք չեն տուժում։ Սակայն մենք ժամանակավորապես կդադարեցնենք նոր փաթեթների վաճառքը, մինչև ամեն ինչ կկարգավորվի»։

«Gold Travel» ընկերությունից տեղեկացրեցին, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է. վաճառված փաթեթների հաճախորդները զանգահարել են, մտահոգություններ հայտնել, սակայն նրանցից միայն մեկն է վերադարձրել փաթեթը, մյուսները համոզվել են, որ անիմաստ է խուճապի մատնվել։

«Pilly travel» ընկերությունից էլ տեղեկացրեցին, որ նոր հայտեր չեն ունեցել ավիավթարից հետո, սակայն հների հետ կապված որևէ խնդիր չունեն։

Փորձեցինք պարզել նաև քաղաքացիների կարծիքն այս կապակցությամբ։

«Այսօր շատերն են փորձում Ամանորը տանը չդիմավորել, ավելի հետաքրքիր դարձնել։ Հայաստանում շատ ավելի թանկ են առաջարկները, քան, օրինակ, Եգիպտոսինն էր։ Դե ԱՄԷ, Եվրոպա, Շրի Լանկա. դրանք ամեն մեկի գրպանին հասու չեն։ Սակայն այսօր, օրինակ, ես իմ ընտանիքին նման վտանգի չեմ ենթարկի, ու ավելի լավ է` տանն անցկացնեմ, քան` ահաբեկված»,- նշեց քաղաքացիների շրջանում արված հարցման մասնակից մի քաղաքացի։ Հարցման արդյունքում այս կարծիքի տեր մարդիկ գերակշռում էին։

Հարցված քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվում է մեկնել Եգիպտոս ոչ միայն` ավիավթարի պատճառով, այլև` այնտեղ տիրող լարված մթնոլորտի։ Հարցվածների մեջ կային այնպիսիք, ովքեր արդեն վախենում են օդանավ նստել` անկախ ուղղությունից, սակայն մի փոքր զանգված էլ փաստեց, որ դա ճակատագիր է. մնաս, թե գնաս, եթե ինչ որ բան է լինելու, այստեղ էլ կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս