Բաժիններ՝

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը չեն հարկվի

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը կհամարվեն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և կօգտվեն հարկման արտոնություններից, այսինքն՝ չեն հարկվի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ավետեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Հարկերի մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Ըստ նրա՝ ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ:

Վ.Միրումյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից:

Նա նշեց, որ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը:

Միրումյանը նշեց, որ տարածքային սահմանափակում չկա, եթե նման հյուրանոցային տներ կլինեն նաև Երևանում, դրանցից կկարողանան օգտվել նաև Երևանում: Թե ի՞նչն է խանգարելու, որ խոշորները չփորձեն մասնատվել և մտնել այս արտոնյալ դաշտ, Վ.Միրումյանը պատասխանեց, որ միակ արգելապատնեշը ընտանիքի անդամներով բիզնես ծավալելն է. «Դա հիմնական գլխավոր ֆիլտրն է, որպեսզի խոշորները չկարողանան տրոհվել և օգտվել ընտանեկան ձեռնարկատիրությանը տրվող հարկային արտոնություններից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս