Բաժիններ՝

«Ով վճարում է, նա էլ պատվիրում է, դրա համար էլ դատարանները հեղեղված են»

Հայաստանում 2 մլն բնակչության պայմաններում 200-ից ավելի դատավորներ կան, դատարանները ծանրաբեռնված են, ու թեև ոստիկանությունն ամեն տարի հայտարարում է, որ հանցագործությունների թիվը կրճատվել է, դատարաններում քննվող գործերի թվերն ավելանում են: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:

Նախագծով առաջարկվում է դատավորների թիվն ավելացնել 2-ով (Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում):

Գ. Ջհանգիրյանի խոսքով՝ պետք է հաշվել նաև երկրից արտագաղթող տարեկան 50-60 հազար քաղաքացիներին, որոնք ծերեր չեն, հիմնականում քրեաիրավական առումով ակտիվ դեմոգրաֆիական խմբեր են. «Բա էս գործերը ո՞նց են ավելանում: Ո՞նց կարող է 2 մլն բնակչությունը էդքան գործեր ապահովի: Ուրեմն համակարգը չի գործում, այսինքն՝ արդարադատություն չի իրականացվում»:

Ըստ նրա՝ պատճառը գործերը պատվերով քննելն է. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է: Դրա համար էլ դատարանները հեղեղված են»:

Նախկին զինդատախազը նշեց նաև, որ քաղաքացիական գործերը հաճախ լուծվում են քրեական հեղինակությունների միջոցով:

Գ.Ջհանգիրյանը հայտարարեց, որ լուծումը անկախ դատական համակարգն է, որը գործի, աշխատի, իսկ մենք դա չունենք. «Մենք ասօր ձեռնամուխ ենք եղել սահմանադրական փոփոխությունների՝ անտեսելով Վենետիկի հանձնաժողովի այն հորդորը, որ քանի դեռ չունեք անկախ դատական համակարգ, մի նախաձեռնեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս