
Հրանուշ Հակոբյանը հետևում է «ոչ» քարոզողներին

«Ժողովրդի մեծ մասը կողմ է քվեարկելու «այո»-ին, քանի որ «ոչ»-ի ճակատը մեծ զանգվածներ չունի: Ես հետևում եմ հանրահավաքներին: Կարո՞ղ եք ասել, թե քանի մարդ է դրան մասնակցում, ես շատ մարդկանց չեմ տեսել»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ աշխատանքային ժամերից դուրս լծվելու է սահմանադրական փոփոխությունները քարոզելու գործին և սկսելու է իր հայրենի Գեղարքունիքի մարզից: Հ.Հակոբյանին չի մտահոգում՝ իրեն լսողներ կլինե՞ն, թե՞ ոչ. «Չեն լինի, թող չլինեն, ես պարտավոր եմ իմ կարծիքն ասել այնպես, ինչպես դուք: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու»:
Ըստ Հակոբյանի՝ 25 տարի դժգոհողներին համակարգային փոփոխություններ են առաջարկվում՝ նախագահի լիազորություններ, վարչապետի ինստիտուտ, ԱԺ և այլն. «Փոխելով Սահմանադրությունը Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով»: