«ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Միլիմեջլիսի դուստր ձեռնարկության»

«Որևէ մեկի համար անակնկալ չէր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը անպայմանորեն ներառելու է զեկույցը առաջիկա հունվարյան նիստի օրակարգ և որևէ մեկ համար անակնկալ և նորություն չէ, որ ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Միլիմեջլիսի դուստր ձեռնարկության, հատկապես՝ քաղաքական հանձնաժողովը, որովհետև Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը՝ խավիարադոլարային, կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև քաղաքական հանձնաժողովով են անցնում Ադրբեջանի համար խիստ կենսական զեկույցները, որոնք Ադրբեջանը փորձում է տապալել, մասնավորապես՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների զեկույցը և այլն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ԵԽԽՎ օրակարգ ներառված «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից» բանաձևը:

Ըստ նրա՝ ապացուցված հստակ փաստ է, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը ամսական հստակ ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից: Ն.Զոհրաբյանը նշեց, որ այս բանաձևը որևէ իրավական պարտադիր կատարման ուժ չունի, ոչինչ չի փոխելու, միայն էլ ավելի է սրելու հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հարաբերությունները միջազգային հարթակներում. «Դա դանակով մեջքից հարված էր Մինսկի խմբի գործունեությանը»:

Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվելու է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում: Դրանում կոչ է արվում «հեռացնել Հայաստանի և այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը» Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս