Բաժիններ՝

«Ոսկեզօծ՝ չի նշանակում ոսկի, դա գույնն է». Դավիթ Հարությունյանը՝ կառավարության դահլիճների մասին

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ չհիմնավորված ծախսեր են արվել կառավարության շենքի վերանորոգումների համար, դահլիճներ են ոսկեզօծվում և այլն:

«Ոսկեզօծ՝ չի նշանակում ոսկի, դա գույնն է, այստեղ էլ՝ ԱԺ-ում, ունենք ոսկեզօծ դահլիճ»,- նկատեց Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ կառավարության դահլիճներն անմխիթար վիճակում են, իսկ դա վարկանիշի հարց է:

Դ.Հարությունյանի խոսքով՝ անձամբ իր աշխատասենյակում Ֆադեյ Տաճատովիչից սկսած կահույքը չի փոխվել: Սակայն, ըստ նրա, այն, ինչ վերաբերում է արարողակարգայինին, պետք է լինի որոշակի չափանիշներին համապատասխան: Նա նշեց, որ 4 հիմնական դահլիճներից, որոնք ներկայացուցչական բնույթ ունեն, 3-ը վերանորոգվել են, մեկին դեռ պետք է անդրադառնան:

«Ես չեմ ասում ոսկի է կպցված»,- հստակեցրեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ 15.8 մլն դրամ է ծախսվել այդ վերանորոգումների համար, երբ մարզերի ծախսերից կրճատումներ են արվում,- «Հանրությունը չի կարողանում ըմբռնումով մոտենալ կառավարության նման ծախսերին: Ես սա որպես հարկատու եմ ասում»:

Է.Մարուքյանը նշեց, որ անձամբ է տեսել, որ կառավարության շենքում «պարկետները դուրս թռած են», սակայն, նրա կարծիքով, ՀՀ-ում կա 1072 ծառայողական մեքենա, որոնք ունեն վարորդներ և նրանք ամեն օր ստանում են 10 լիտրի բենզինի գումար, ինչը շատ-շատ է:

Դ.Հարությունյանը հայտարարեց, թե կարելի է պետական ապարատը շատ կրճատել, կիսով չափ կրճատել: Նա խորհուրդ տվեց նայել տարբեր երկրների փորձը, ծախսերը ՀՆԱ մեջ, կամ բնակչության թվին հարաբերած, և կերևա, որ շատ ցուցանիշներով Հ-ն ներքևում է. «Եթե ԵՄ հետ մեր ծրագրերն իրականանային, մեր պետական ապարատը պետք է շատ մեծանար»:

Նա նշեց, որ 15.8 մլնը գուցե շատ է հնչում, բայց պետք է հաշվել մակերեսը: Դ.Հարությունյանը մատնանշեց, որ առավել թափանցիկության են գնացել և համացանցում տեսանելի է յուրաքանչյուր ծախս. «Մեզ նույնիսկ երբեմն մեղադրում են ծայրահեղ թափանցիկության մեջ, որը սպառնալիք է երկրի անվտանգությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս