Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
Օգոստոսի 31-ին` նոր ուսումնական տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ:
Ավանդական դարձած այս արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հասատությունների ռեկտորներ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և անդամները, կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, տարբեր մարզերից Մայր Աթոռ ժամանած հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ և մանկավարժներ:
Արարողությունը սկսվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ողջույնի խոսքով: Սրբազանը ներկաներին մաղթեց, որ նրանց գիտակցության մեջ միշտ թարմ մնա թարգմանչաց ոսկեդարյան շրջանի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եռամեծար վարդապետների ոգին: «Նրանք իրենց աշխատանքին ու գործին լծվեցին պատասխանատվության բարձր և վեհ գիտակցությամբ. պատասխանատու էին իրենց հայրերի Աստծու առջև, պատասխանատու էին իրենց ժողովրդի առջև և իրենց Եկեղեցու առջև: Այս պատասխանատվության զգացումն ենք մաղթում ամենքիդ այս 2015-2016 ուսումնական տարեշրջանի համար, բայց երբեք չբավարարվելու պատասխանատվության զգացումով, այլ այն վերածելու հանձնառության…` երբեք չվախենալով մեր զավակների կրթության ու դաստիարակության գործը ձեր ուսերին առնելու», – նշեց Վարդան Սրբազանը:
Այնուհետև նախագահությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի կատարվեց օրհնության կարգը, որի ավարտին կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Գիտելիքի օրվա և նոր 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկի առիթով իր օրհնությունը բերելով կրթության ոլորտի ներկայացուցիչներին` Նորին Սրբությունը մաղթեց, որ հայ ազգի զավակները նրանց խնամքի ու դաստիարակության շնորհիվ աճեն ու հասակ առնեն որպես Հայաստանի արժանավոր քաղաքացիներ և Հայոց Եկեղեցու արժանավոր զավակներ, դառնան Հայրենիքի հույսը, ժողովրդի բարօր ու պայծառ օրվա կերտողները:
Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես անդրադարձավ արարողության ժամանակ ընթերցված սերմնացանի ավետարանական առակին և մանկավարժի կերպարին: «Կրթության դաշտում սերմնացանները կրթության ոլորտի մշակներդ եք. դուք ձեր աշխատանքով կարող եք մեր զավակների հոգիները վերածել և´ այրված ժայռերի, և´ չոր ճանապարհների, և´ մոլախոտերով, փուշ ու տատասկով ծածկված անդաստանների: Ձեր աշխատանքով դուք նաև կարող եք մեր զավակների հոգիները դարձնել բերրի արտեր, եթե հոգածությամբ ու խնամքով, նախանձախնդրությամբ և պատասխանատվության զգացումով իրականացնեք ձեր աշխատանքը…», – նշեց Գարեգին Բ Հայրապետը` մաղթելով, որ նրանց ներդրած ջանքերը շարունակ արդյունավորվեն, իսկ վաստակը միշտ արժանավորապես գնահատվի ինչպես ուսանողների, այնպես և մեր ժողովրդի բոլոր զավակների կողմից:
Վերջում Նորին Սրբությունը հայցեց, որ Տիրոջ օրհնությունը միշտ ուղեկից լինի ներկաներին և առաջնորդի մանկավարժի պատվական ծառայության մեջ: