Բաժիններ՝

Բռնաճնշումների մեքենայի վերջը շուտով կգա. Բաքվի դատարանում ընդհատել են լրագրող Խադիջա Իսմայիլովայի վերջին խոսքը

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան Բաքվում դատական նիստում իր վերջին խոսքում ասել է, որ բռնաճնշումների մեքենայի վերջը շուտով կգա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Դա տեղի կունենա նավթի գնանկման հետևանքով, սակայն դրա ևս մեկ պատճառ կդառնանք մենք»,- ասել է լրագրողը:

Նրա ելույթն ընդհատվել է: Դատավճիռը հրապարակվելու է վաղը:
Ավելի վաղ դատախազը պահանջել էր Իսմայիլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման:

«Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսիից վերադառնալիս: Ադրբեջանում նրան մեղադրում են Ադրբեջանի ՔՕ 179.3.2 հոդվածի (առանձնապես խոշոր չափերի դրամական յուրացում), 192.2.2 (անօրինական գործարարություն), 213.1 (հարկերից խուսափել) ու 308.2 (պաշտոնական լիազորությունների չարաշահում) հոդվածների հատկանիշներով:

Նշենք, որ Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր:
Համացանցում հրապարակված Իսմայիլովայի վերջին խոսքում նշվում է իր դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը, ներկայացվում են այն սխալները, որ թույլ են տրվել իր դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից հետաքննության ու դատական գործընթացի ընթացքում:

Իսմայիլովան կալանքի տակ է արդեն ավելի քան 8 ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս