«Հավանականությունը շատ մեծ է, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով Թուրքիան կանի առաջին քայլը». Ստեփան Գրիգորյան

Հայ-թուրքական արձանագրությունների թեման այսօր էլ շատ կարևոր և ակտուալ է: Այս կարծիքին է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ քանի որ Թուրքիան ինքը հրաժարվեց վավերցնել այդ արձանագրությունները, ուրեմն՝ արդեն ինքը պետք է առաջին քայլն անի՝ բացի սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ սկսելու համապատասխան հայտարարությամբ հանդես գա:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոտոսի 31-ին լրանում է հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման 6-րդ տարին:

Պե՞տք են մեզ հիմա այդ արձանագրությունները, թե՞ ոչ: Քաղաքագետը նշեց, որ թեպետ ինքը միշտ կողմնակից է եղել, որ դրանք ստորագրվեն և վավերացվեն, բայց ըստ նրա՝ այսօր շատ բան է փոխվել. «Եթե այսօր Թուրքիայի հետ վերսկսվի ինչ-որ պրոցես, ապա վերադարձ պրոտոկոլներին չի կարող լինել, և որովհետև առաջին հերթին Թուրքիան մերժեց վավերացումը, ուրեմն Թուրքիան առաջինը պետք է քայլ անի: Թուրքիան նախապայմաններ դրեց մեր առաջ, ու ինքը պետք է փոխի իր քաղաքականությունը, ու եթե ինքն ուզում է՝ պետք է բացի սահմանը ու պաշտոնական նամակ ուղարկի՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար»,-ասաց Ս. Գրիգորյանը:

Ս. Գրիգորյանի գնահատմամբ՝ Թուրքիան այսօր այն չէ, որը կար ութ տարի աաջ: Ըստ նրա՝ այն ժամանակ Թուրքիան ակնհայտ Եվրոինտեգրման էր ձգտում, մենք գործ ունեինք ակտիվ զարգացող երկրի հետ, իսկ այսօր Թուրքիան փոխել է իր մերժողական քաղաքականություբը և հայ և քուրդ ժողովուրդների նկատմամբ. «Բայց այսօր մենք գործ ունենք այլ երկրի հետ, Թուրքիան, բառիս բուն իմաստով, ապակայունացվում է»:

Ըստ նրա՝ հավանականությունը շատ մեծ է, որ Թուրքիան կանի այդ առաջին քայլը. «Նման ծանր վիճակում շատ անգամ պետությունները փորձում են լուծել համեմատաբար հեշտ հարց»:

Հարցին՝ այդ արձանագրությունների թեման այսօր որքանո՞վ է ակտուալ, Ս. Գրիգորյանը պատասխանեց, որ դա առաջին հերթին ակտուալ է Թուրքիայի համար. «Քանի որ այն պետք է ունենա որոշակի հաջողությունների պատմություն, իրենք կուզենային, իմ կարծիքով, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների»:

Ս. Գրիգորյանի խոսքով՝ այսօր Ադրբեջանն ի պաշոնե լքեց Թուրքիային, երբ հասկացավ, որ Թուրքիան չի կարող օգնել Ղարաբաղի հարցում, և «սկսեց Ռուստաստանի հետ սիրախաղեր տալ»:

Հարցին էլ՝ իսկ միջազգային հանրության համար որքանո՞վ է ակտուալ հայ-թուրքական արձանագրությունների թեման, քաղաքագետը պատասխանեց, որ այն սպառնալիքները որ հիմա կան, ինչ-որ չափով երկրորդ պլան են մղում հայ-թուրքական արձանագրութունների ակտուալությունը, բայց, ըստ նրա, եթե երկու կողմերի ցանկությունը լինի, ապա միջազգային հանրությունը կաջակցի:

Տեսանյութեր

Լրահոս