«Կադրերի բաժին N168»-ում Արծվի Բախչինյանն է. «Վայրի պատմությունները»
«Կադրերի բաժին N168»-ում այսօր ներկայացնում ենք կինոգետ, հայագետ Արծվի Բախչինյանի առաջարկած ֆիլմը՝ ռեժիսոր Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմությունները» (Damián Szifrón « Relatos salvajes ») տրագիկոմեդիան:
Կինոգետ Արծվի Բախչինյանն իր առաջարկած ֆիլմի մասին գրում է. «Երբ վերջերս ինձ հարցնում են, թե ի՞նչ նոր ֆիլմ խորհուրդ կտամ դիտել, անմիջապես պատասխանում եմ՝ «Վայրի պատմությունները»։ Թեև սև կատակերգության ժանրն իմ նախընտրածը չէ, սակայն այս արգենտինական կինոնկարն առինքնում է կարևոր ուղերձը սուր իրադրություններով և յուրահատուկ սրամտությամբ ներկայացնելու վարպետությամբ։ Ռեժիսոր Դամիան Շիֆրոնի այս աշխատանքը կազմված է միմյանց հետ կապ չունեցող վեց դրվագներից, բոլորն էլ վերաբերվում են ատելության, բռնությանը բռնությամբ պատասխանելու և վրեժխնդրության թեմային, կյանքի այն հանգամանքներին, որոնք նպաստում են յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված գազանի (անասունի) արթնացմանը։
Ոչնչից մեծ աղմուկի, մի կաթիլ մեղրի թեմաները թվում են շահարկված և մաշված, սակայն այս կինոնկարի հեղինակներին հաջողվել է ստեղծել լարված, աշխույժ, անհավանական պատմություններ, որոնք իրենց «վայրենությամբ» ոչ այնքան ցնցում են, որքան զվարճացնում և մղում են խորհրդածելու։ Մեր կարծիքով՝ առավել հաջող են ֆիլմի վեց դրվագներից երեքը, սակայն իր ամբողջության մեջ այս էքսցենտրիկ կինոերկը միանգամայն ուսանելի է, որը մտածող մարդ արարածին պիտի որ մղի ոչ մի պարագայում սնունդ չտալ իր ներսի հրեշին»։
«Վայրի պատմություննները» Արգենտինա-Իսպանիա համատեղ կինոարտադրություն է, նկարահանված՝ 2014թ.: Ֆիլմի համապրոդյուսերներից մեկը հանդիսանում է իսպանացի հայտնի ռեժիսոր, կինոպրոդյուսեր Պեդրո Ալմադովարը (Pedro Almodóvar): Գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ Ռիկարդո Դարին, Օսկար Մարտինեսը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2014թ. Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ վերջինս ներկայացված էր հիմնական մրցութային ծրագրում: «Վայրի պատմություններն» արժանացել է «Օսկարի» կինոմարցանակին՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը