Հիմա շուկան շատ ավելի հանգիստ է, քան մինչ այս փոխարժեքի տատանումը. Էմիլ Սողոմոնյան
Այս շաբաթվա սկզբին հայաստանյան ֆինանասական շուկայում առաջացած աժիոտաժը շաբաթվա վերջին կարծես թե հանդարտվեց: Դրամի փոխարժեքը 1 դոլարի դիմաց օգոստոսի 24-ի 488-490-ի փոխարեն իջավ 485-487-ի:
«Պրոմեթեյ բանկի»վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սովորական շուկայական վիճակ է և մի երկու օրվա տատանումը չէր կարող էական ազդեցություն ունենալ:
«Հիմա շատ հանգիստ է շուկան և շատ ավելի հանգիստ, քան մինչ այս փոխարժեքի տատանումը: Շուկայում ոչ մի նոր բան չկա»,- ասաց Է. Սողոմոնյանը:
Դոլարի թանկացում, ըստ նրա, չի սպասվում, քանի որ դրա պահանջարկը չկա և 480-485 դրամի սահմաններում փոխարժեքը կպահպանվի մինչև տարվա վերջ: Նա չկիսեց տեսակետը, որ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արհեստականորեն է պահպանվում, հիմնավորելով, որ տնտեսությունում ակտիվություն չկա, հետևաբար՝ դրա պահանջարկը չկա. «Ես չէի ասի, որ հիմա արհեստականորեն պահեցին: Չգիտեմ այդ պահանջարկն ինչից առաջացավ, գուցե էլեկտրացանցերի, գազի հետ էր կապված, որ արտարժույթի պահանաջրկ առաջացավ, այլապես տնտեսվարողների մոտ նման պահանաջարկ չկար»:
Է. Սողոմոնյանի կարծիքով, եթե ռուսական ռուբլին մնա այսօրվա փոխարժեքին, տարեվերջին ՀՀ դրամի հետ կապված ինչ-որ ճշգրտումներ կլինեն՝ կապված Հայաստանի տնտեսական հարաբերությունների, հատկապես՝ արտահանման հետ. «Հիմա դրա անհրաժեշտությունը չկա, ես չեմ կարծում, որ փոխարժեքը արհեստականորեն կարելի էր բարձրացնել այն սահմաններում, ինչ սահմաններում Ռուսաստանում կամ Վրաստանում է բարձրացել: Նոր ճշգրտումներ կլինեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եթե փոխարժեքի ինչ-որ ճշգրտումներ լինեն»: