
ՄԱԿ-ը կոչ է անում Եվրոպային ընդլայնել փախստականներին ընդունելու հնարավորությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր արևելքի փախստականների հետ կապված վիճակին տալ «կոլեկտիվ քաղաքական լուծում»: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ խնդրի լուծման համար հարկավոր է ավելի մեծ ջանքեր գործադրել, քան այն միջոցառումներն են, որ երկրները հիմա իրականացնում են:
Պան Գի Մունը Եվրոպայում ներգաղթյալների հետ կապված իրավիճակը անվանել է «համերաշխության ճգնաժամ» ու կոչ է արել եվրոպական երկրներին ընդլայնել միգրացիայի օրինական ու անվտանգ ուղիները:
«Ես կոչ եմ անում պետություններին ընդլայնել անվտանգ ու օրինական ուղիները ներգաղթյալների համար՝ նրանց հետ վարվելով մարդասիրաբար ու կարեկցության զգացումով, լուծել նրանց խնդիրները՝ միջազգային չափանիշների համաձայն: Դա մարդկային աղետ է, որը վկայում է վճռական քաղաքական գործողությունների անհրաժեշտության մասին»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: