Պարգևատրման ֆոնդից՝ պետբյուջե
ՀՀ ֆինանսների նախարարությունը պետական բյուջեն «հարստացնելու» նոր ուղի է գտել: Առաջարկվում է փոփոխություն կատարել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում և պետական կառավարչական հիմնարկներից, պետական ոչ առևտրային կամակերպություններից, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, 100 %-ով պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից և 100 %-ով համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերություններից գանձվող լրացուցիչ գումարներից հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին մասհանում չկատարել և ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե: Օրինագիծը ՀՀ կառավարության հաջորդ նիստում՝ օգոստոսի 31-ին կներկայացվի քննարկման:
Գերատեսչության մասնագետները նշում են, որ գործող իրավակարգավորման պայմաններում հարկային մարմինների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու դեպքում լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից տասը տոկոս մասհանվում է հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին, որն օգտագործվում մարմնի նյութատեխնիկական ապահովվածության, օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու, հարկային մարմինների աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության, օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման և շենքերի, շինությունների ու աշխատանքային պայմանների բարելավման համար:
Գործող օրենքով սույն կարգավորումը տարածվում է նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կամակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների վրա, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է պետական կամ համյնքային բյուջեի միջոցների հաշվին: Արդյունքում պետական և համայնքային բյուջեի հաշվին գանձվող լրացուցիչ գումարները փոխանցվում են պետական բյուջեից ֆինասավորվող պետական կառավարչական հիմնարկի զարգացման և պարգևատրման ֆոնդին: