Բաժիններ՝

«Ձեր շնորհիվ զինված ուժերում ծառայող ձեր եղբայրներն ու քույրերը կվերադառնան տուն այնպիսի տեղերից, որտեղ շատերը վախենում են անգամ ոտք դնել». Ռիչարդ Միլս

Օգոստոսի 28-ին դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեցին ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստման համար դասախոսական կազմի նորարարական ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը: Դասընթացի առաջին հայ շրջանավարտները 12-ն են:

Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ Հայաստանի զինված ուժերի ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ու ՀՀ Պաշտպանության նախարարության գործակցության շրջանակում է իրականցվում և նպատակ ունի բարելավել վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող բուժօգնությունը:

«Դուք կյանքեր կփրկեք: Ձեր շնորհիվ զինված ուժերում ծառայող ձեր եղբայրներն ու քույրերը կվերադառնան տուն այնպիսի տեղերից, որտեղ շատերը վախենում են անգամ ոտք դնել. վտանգավոր տեղեր, ուր դուք համաձայնում եք գնալ հանուն խաղաղության»,- ասաց դեսպան Միլսը` դիմելով շրջանավարտներին:

Փորձառու և հմուտ ամերիկացի դասընթացավարների խումբը, որի կազմում ԱՄՆ Ցամաքային ուժերի սերժանտներ են և մեկ սպա, հայ ռազմական բուժակներին ուղղորդեցին նորագույն մեթոդները ներկայացնող համընդգրկուն ուսումնական գործընթացի միջով, որն իրականացվեց նույն այն ուսումնական ծրագրով, որը կիրառվում է ամերիկյան ռազմական բուժակների ուսուցման համար: Հազարավոր էջեր թարգմանվել են հայերեն, որի արդյունքում հնարավոր է դարձել այս դասընթացը մատուցել անգլերենից զատ մեկ այլ լեզվով: Այս հաջողված փորձի արդյունքում ամերիկյան զինված ուժերը սկսել են այլ պետություններից խնդրանքներ ստանալ իրենց մայրենի լեզուներով նման դասընթաց կազմակերպելու վերաբերյալ:

«Հայ-ամերիկյան կուռ և ամուր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսիք կարող են լինել ձեռքբերումները, երբ մենք աշխատում ենք միասին, – ասաց դեսպան Միլսը, – այսօրվա ավարտական միջոցառումը շարունակաբար աճող և ամրապնդվող երկկողմ համագործակցության մի նոր օրինակ է: Այս դասընթացը մեր պետությունների փոխադարձ առաջընթացի, մեր բարեկամության և միմյանց նկատմամբ կուռ հավատի և վստահության դրսևորման ևս մեկ օրինակ է: Գիտեմ, որ մեր գործընկերությունը կամրապնդվի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերներին դիմակայելու մեր հետագա ջանքերին զուգընթաց, մարտահրավերներ, որ որևէ երկիր ի զորու չէ միայնակ լուծել: Նորօրյա մարտահրավերներին դիմակայելու համար պահանջվում է նույնակերպ մտածողություն ու մոտեցումներ որդեգրած պետությունների համագործակցություն, իսկ այսօրվա մեր միջոցառումը փաստում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն ընթանում է աշխույժ ու լավ»:

Ամերիկյան զինված ուժերի և Հայաստանի Խաղաղապահ բրիգադի միջև վաղուց ի վեր ձևավորված գործընկերությունը մեծ կարևորություն ունի: 2004թ. Հայաստանի խաղաղապահ բրիգադի մեկ դասակ ՆԱՏՕ-ի ուժերի կազմում տեղակայվեց Կոսովոյում՝ կայունության ու խաղաղության ապահովման նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր հայ զինծառայողներն ակտիվորեն աջակցել են ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություներին թե՛ Իրաքում, թե՛ Աֆղանստանում, իսկ անցած տարի նոյեմբերին հայկական զորամիավորումները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում մեկնեցին Լիբանան:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս