Նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքների տեսակետից ունենք լուրջ հետընթաց դեպի խորհրդային ժամանակները. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ սահմանադրական փոփոխություններին։ Հ. Բագրատյանը գրել է.

«Էսսե նո. 3. «Նոր սահմանադրությունը և մարդու հիմնական իրավունքները և ազատությունները» 

«Սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովի անդամները (Գ.Հարությունյան, Վ.Պողոսյան, Հ.Թովմասյան, Գ.Դանիելյան, Գ.Ղազինյան) հաճախ են ասում. 1995 և 2005թթ. սահմանադրությունները մի մարդու համար էին (այսինքն՝ Նախագահի) , իսկ նոր Սահմանադրությունը մարդու (այսինքն՝ քաղաքացու) համար է։

Մի փոքր խորանում ես ու տեսնում, որ այդ մարդիկ զբաղված են կազմակերպված ապատեղեկատվությամբ։

Այսպես, գործող Սահմանադրությամբ ունենք 33 հիմնական իրավունք և ազատություն, որոնցից 8-ը կարող են սահմանափակվել օրենքով։ Նոր սահմանադրությամբ ունենք 48 հիմնական իրավունք ու ազատություն (որոշ հիմնական իրավունքներ ավելի մանրամաս են ներկայացված), բայց ունենք….18 սահմանափակում։

Օրինակ, հնով մարդն անձեռնմխելի էր և այդ իրավունքը չէր սահմանափակվում։ Նորով մարդն էլի անձեռնմխելի է, բայց այդ իրավունքը կարող է սահմանափակվել՝ ելնելով…. հասարակական կարգի պահպանման պահանջից (հոդված 24)։

Հայտարարվում է, որ մարդն ունի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիություն։ Բայց արի ու տես, կրկին, հասարակական կարգի պահպանման պատրվակով օրենքով այդ իրավունքը կարող է սահմանափակվել։

Մարդն ունի, այո, բնակարանի իրավունք։ Բայց արի ու տես այն օրենքով կարող սահմանափակվել՝ էլի նկատի ունենալով հասարակական շահը։ Ընդհանրապես հասարակական կարգի պահպանման պատրվակով հիմնարար իրավունքների սահմանափակումը հանդիպում է 18 անգամ։

Գերմանիայում էլ սահմանադրության մեջ կա հիմնարար իրավունքի սահմանափակման մի քանի դեպք։ Բայց այնտեղ կոնկրետ հենց սահմանադրության մեջ գրում են՝ ինչ սահմանափակում կարող է լինել և ինչպես (օրինակ, դատարանի որոշումից հետո)։

Ի՞նչու չեք ընդօրինակում, եթե հայեցակարգը ներկայացնելիս ստում էիք, թե հիմքը իբր թե գերմանական սահմանադրությունն է։ Այսպիսով, նոր Սահմանադրությամբ մարդու իրավունքների տեսակետից մենք ոչ միայն առաջընթաց չունենք, այլև ունենք լուրջ հետընթաց դեպի խորհրդային ժամանակները»։

Տեսանյութեր

Լրահոս