Սեպտեմբերի 1-ին Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» կկատարվի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների, կկատարվի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Այս մասին 168.am-ին հայտնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Կոթողային այդ գործը, որը լի է համամարդկային գաղափարներով և զգացմունքներով, կհնչի որպես оրհներգ մարդկային ոգու արիության և կենսահաստատ սկզբունքների:
Նախագծի հեղինակը Սարինե Ավթանդիլյանն է, համերգի գեղարվեստական ղեկավարը՝ Լյուբով Կազարնովսկայան, դիրիժորը՝ Անատոլի Լևին:
Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. Դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Արցախի պետական երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Նինա Գրիգորյան), «Մռակած» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Մարինե Մեսրոպյան):
Համերգի մենակատարներն են Յանա Սաֆոնովան (սոպրանո, Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը (մեցցո սոպրանո, Սերբիա), Ալեքսանդր Չեռնովը (տենոր, Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերին (բաս, Իտալիա):