
Մոսկվայում հայտնաբերվել է շվեյցարական շոկոլադի կոնցեռնի մասնաճյուղի ղեկավարի մարմինը

Շվեյցարական Barry Callebaut շոկոլադի կոնցեռնի ռուսական ստորաբաժանման ղեկավարը մահացած է հայտնաբերվել Մոսկվայի կենտրոնում իր վարձակալած բնակարանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ոստիկանության իր աղբյուրներին:
«Լեհաստանի քաղաքացի Եժի Օստապչուկի մարմինը հայտնաբերել են Շաբոլովկայի իր բնակարանում»,- հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել:
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչությունը հաստատել է Օստապչուկի մահվան փաստը, անցկացվում է մինչքննչական ստուգում: Նշվում է, որ տղամարդը կարող էր մահանալ սուր սրտանոթային անբավարարությունից:
TASS-ը, հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցչին, նշում է, որ տղամարդու բնակարանում հայտնաբերվել է սիրտային խմիչքների 100-ից ավելի շիշ:
Իր հերթին, LifeNews-ը նշում է, որ գործարարն ունեցել է շաքարային դիաբետ: Դրա հետ միասին, վարձակալած բնակարանի տանտիրուհին հայտնել է, թե Օստապչուկի մարմինը հայտնաբերվել է լոգարանում:
«Այստեղ ամեն ինչ արյան մեջ կորած էր: Մահճակալը, բարձերը, ծածկոցները նույնպես արյունոտ էին: Երկու ներքնակները նույնպես: Երբ մտանք բնակարան, ապա հատակին տեսանք շաղ տված փողեր, դոլարներ»,- հայտնել է կինը:
Barry Callebaut ընկերությունը հիմնադրվել է 1996-ին: Այն համարվում է շոկոլադի ու կակաո-արտադրանքի առաջատար արտադրող: