
«Նաիրիտը» սնանկ կճանաչվի՞

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցի քննությունը: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ն այս տարի ապրիլին դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտը», որի պարտքը շուրջ 1.2 մլրդ դրամ է: Հերթական նիստը կայանալու է սեպտեմբերի 3-ին:
168.am-ի տեղեկություններով՝ այն, հավանաբար, որոշիչ կլինի: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատարանը բավարարելու է ՀԷՑ-ի պահանջն ու գործարանը սնանկ է ճանաչելու: Այս մասին արդեն կա նաև «Նաիրիտի» ղեկավարության համաձայնությունը:
Նաև պարզ է, որ առանց ՀՀ կառավարության «դաբրոյի» այս ամենը չի կարող լինել: Հետաքրքիր է, որ նաիրիտցիների աշատավարձերի պարտքերը մարելուց հետո գործարանի վերագործարկման անհնարինության մասին խոսող կառավարությունն այս ճանապարհն է ընտրում «Նաիրիտի» հարցում վերջակետ դնելու համար և որպես «դահիճ» ընտրվել է ռուսական ընկերությունը:
Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը 5.3 մլրդ դրամ վճարելու պարագայում, թերևս, դժվար չէր լինի ՀԷՑ-ի 1.2 մլրդ պարտքի հարցը լուծել, առնվազն բանակցել՝ այն սառեցնելու համար: Առավել ևս՝ ՀԷՑ-ը ինքը խրված է պարտքերի մեջ, բաժնետիրոջ փոփոխության հարցն է օրակարգում, և ցանկության դեպքում կարելի է լուծում գտնել: