
Ավակովը Յարեսկոյին ու Յացենյուկին նվիրել է հրանոթային արկի նախշազարդ պարկուճ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ուկրաինայի պետպարտքի 20%-ի վերակազմավորման հարցում պայմանավորվածության ձեռքբերման համար Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին նվիրել է 120 մմ-անոց հրանոթային արկի նախշազարդ պարկուճ, հայտնում է Interfax-Ուկրաինան:
Ուկրաինայի կառավարության արտահերթ նիստում Ավակովը կառավարության անունից Յարեսկոյին է հանձնել պոլտավցի նկարչի ձեռքի աշխատանքը ու միջազգային վարկատուների հետ համաձայնագիրը անվանել «հաղթանակ ֆինանսական ճակատում»:
Նման պարկուճ է նվեր ստացել նաև վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Այն, ինչի հասաք դուք վարչապետի հետ, մեծ հաղթանակ է ֆինանսական ճակատում: Կարծում եմ՝ մեմուարներում դու երբևէ այդ մասին կգրես»,- ասել է Ավակովը՝ դիմելով Ուկրաինայի ֆինանսների նախարարին:
Հիշեցնենք, որ միջազգային վարկատուներն ու Ուկրաինան պայմանավորվածություն են ձեռք բերել պարտքի 20%-ի (շուրջ 3,6 մլրդ դոլար) դուրսգրման վերաբերյալ, իսկ մնացած՝ 15,5 մլրդ դոլարը կվճարվի մինչև 2019 թվականը:
Բանակցությունները շարունակվում էին գարնան վերջից: