Գերման Ստերլիգովը բոլորին հրավիրում է Շուշի՝ մասնակցելու իր կնոջ զգեստների ցուցադրությանը
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղում բնակվող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտեի» իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին:
Վերջինս տեղեկացնում է, որ իր կնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի հեղինակած զգեստների ցուցադրությունը ու ավանակների վազքը տեղի կունենա «ցանկացած եղանակի»: Գործարարը նորաձևության ցուցադրությանն է հրավիրում «բոլորին»:
«Հին հայկական Շուշի քաղաք, շաբաթ օրը՝ ժ. 15.00-ին»,- գրել է Ստերլիգովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստերլիգովը հայտնել էր, որ Շուշիում, բացի ջրաղացից ու հացի արտադրությունից, կարող է բացվել նաև Ալյոնա Ստերլիգովայի մշտական մոդելային տունը:
Ստերլիգովի խոսքով՝ դա պարզ կլինի այս շաբաթ օրը Շուշիում նորաձևության ցուցադրության անցկացումից հետո:
«Եթե կանացի խելամիտ զգեստների նկատմամբ հետաքրքրությունը նկատելի լինի, ապա մեր մոդելային տունը մշտապես կաշխատի ու զգեստներ կկարի: Այնպես որ, ես Ղարաբաղից հեռանալ չեմ ցանկանում: Ինձ այստեղ շատ է դուր գալիս: Հատկապես դուր է գալիս հասարակ ու ազնիվ հայ ժողովուրդը, որից իմ ընտանիքը, բացի բարությունից ու ուրախությունից, ոչինչ չի տեսել»,- գրել էր Ստերլիգովը սոցցանցի իր էջում: