
Փողոցային անկարգություններ Թուրքիայում. կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանվել է անկարգությունների 3 մասնակից, 7 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է DHA գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի խորհրդարանում այդ նահանգի պատգամավոր Աբդուլլահ Զեյդանին:
Ոստիկանության ու փողոցային անկարգությունների մասնակիցների միջև բախումները, որոնց թվում եղել են «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության անդամներ, տեղի են ունեցել գիշերը:
Չնայած նահանգում հայտարարված պարեկային ժամին, փողոցներ էին դուրս եկել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ նաև զինված:
Անվտանգության ուժերի հետ բախումները ուղեկցվել են կրակոցներով ու ինքնաշեն պայթուցիկ սարքերի գործադրմամբ: Ոստիկանությունը ցուցարարներին քշելու համար գործադրել է զենք, ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: