Բաժիններ՝

Ամերիկացի լրագրողներին գնդակահարած տղամարդը նամակում բացատրել է իր արարքի պատճառը

Վեստեր Լի Ֆլանագանը, ով երեկ ԱՄՆ Վիրջինիա նահանգում ուղիղ եթերում գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին, ապա ինքնասպանության փորձից հետո մահացել հիվանդանոցում, մահից առաջ նամակ է ուղարկել ABC News հեռուստաալիքին, որտեղ բացատրել է իր արարքի դրդապատճառը:

23-էջանոց գրության մեջ Ֆլանագանը նկարագրում է այն ամենը, ինչ իրեն դուր չի եկել կյանքում՝ հավելելով, թե ապրել է, ինչպես «վառոդի տակառի վրա», հայտնում է BBC-ն: Ֆլանագանը գրել է, թե վրդովված է ԱՄՆ-ում ռասայական խտրականությունից: Նրա խոսքով՝ ինքը մեկ անգամ չէ, որ խտրականության է բախվել իր սևամորթ ու միասեռական լինելու հանգամանքի պատճառով:

Ֆլանագանը WDBJ7 հեռուստաալիքի նախկին աշխատակից էր, ում վերջերս էին ազատել աշխատանքից: Նա գրել է, որ խնդիրներ է ունեցել նաև աշխատավայրում: Տղամարդը գրել է, որ սպանել է հեռուստաալիքի լրագրողին ու օպերատորին, քանի որ ցանկացել է վրեժ լուծել հունիսի 17-ին Չառլստոնում աֆրոամերիկյան եկեղեցում կատարված հրաձգության համար, որին զոհ էր դարձել 9 մարդ:

Ֆլանագանն իր նախկին գործընկերներին սպանելուց հետո փորձել էր ինքնասպան լինել իր ավտոմեքենայում, սակայն ողջ էր մնացել: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն տղամարդու կյանքը չէր հաջողվել փրկել:
Հեռուստաընկերության ղեկավարությունը, որի աշխատակիցն էր նա եղել, ասել էր, թե Ֆլանագանը մշտապես դժգոհ է եղել ինչ-որ բանից ու նրա հետ բարդ է եղել աշխատելը:

amn lragrox

Հիշեցնենք, որ 24-ամյա լրագրող Էլիսոն Փարքերն ու 27-ամյա օպերատոր Ադամ Ուարդը սպանվել էին Մոնետա քաղաքի Bridgewater Plaza զվարճանքների կենտրոնում հարցազրույցի ժամանակ: Եթերի տեսագրության մեջ, որը հայտնվել է սոցցանցերում, լսելի են կրակոցների ձայներն ու լրագրողի ճիչերը:

Կինը, ումից այդ պահին հարցազրույց էին վերցնում, վիրավորվել է մեջքի հատվածում: Նրան շտապ վիրահատել են, կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:
Ֆլանագանը սպանության տեսագրությունը տեղադրել էր Twitter-ում, սակայն նրա օգտահաշիվը արագ արգելափակել էին:

«Սա ահաբեկչություն չէ, այլ քրեական գործ»,- դեպքից հետո հայտարարել էր Վիրջինիայի նահանգապետ Տերրի Մակոլիֆը:

150826153747_virginia_shooting_624_russian

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս