«Հարավկովկասյան երկրները պետք է սպասեն, որպեսզի Ռուսաստանն ու Արևմուտքը լուծեն իրենց խնդիրները». Թոռնիկե Շարաշենիձե

«Ուկրաինան և հետսովետական բոլոր երկրները պետք է սկսեն լայնածավալ բարեփոխումներ իրենց երկրների ներսում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ, պրոֆեսոր, Վրաստանի Հասարակայնության հետ Կապերի Ինստիտուտի միջազգային հարաբերությունների գծով մագիստրատուրայի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեն՝ անդրադառնալով հետսովետական տարածքում ձևավորված հակամարտությունների ճակատագրին և ուկրաինական ճգնաժամին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն, ի դեմս իր ներկայիս ղեկավար Պուտինի, չի պատրաստվում զիջել իր դիրքերն Ուկրաինայի հարավարևելքում, այսինքն՝ Դոնբասում, և այն գոտիներում, որտեղ արդեն իսկ ազդեցություն է հաստատել՝ նպատակ ունենալով Ուկրաինային ներքաշել երկարատև ռազմական բախման, պատերազմի մեջ, և Արևմուտքին ապացուցել, որ այս գոտիներում ինքն է որոշումներ կայացնող ուժը, թեև Արևմուտքը լուրջ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ բոլոր հնարավոր ուղղություններով: Այն, ինչ պետք է անի Ուկրաինան և Ռուսաստանի թիրախում հայտնվող պետություններն առհասարակ նման իրավիճակներում, ըստ փորձագետի, սեփական երկրի ներսում կառավարման խնդիրները լուծելն է, ժողովրդավարացման գործընթաց նախաձեռնելը:

«Նման ճանապարհով է անցել Վրաստանը: 2008թ., բախվելով ռուսական ագրեսիային Հարավային Օսեթիայի և Աբխազիայի նկատմամբ, Վրաստանը դեմ չեղավ այդ հակամարտությունները սառեցնելուն և իր ներքին համակարգը բարելավելուն:

Ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանը զբաղվել է համակարգային բարեփոխումներով և լուրջ գործընթացներով: Վրաստանն այս ընթացքում ամրացել է և պակաս խոցելի դարձել: Այսօր Վրաստանն ավելի վստահ բառապաշարով է խոսում Ռուսաստանի հետ: Նույնը կարող է անել նաև Ուկրաինան: Նա պետք է սառեցնի Դոնբասի հակամարտությունը և զբաղվի իր ներքին խնդիրների լուծմամբ»,- ասաց փորձագետը:

Նրա համոզմամբ, ցանկության դեպքում ժամանակը կարող է դրականորեն աշխատել հակամարտող կողմերից մեկի նկատմամբ հատկապես ուկրաինական հակամարտությունում՝ հօգուտ Ուկրաինայի, երբ ողջ Արևմուտքն իր ջանքերը կենտրոնացրել է Ռուսաստանին ճնշելու ուղղությամբ: Այս միտումը, վրացի փորձագետի համոզմամբ, տարածվելու է ողջ հետսովետական տարածքում և այս տարածաշրջանում առկա հակամարտությունների վրա, ինչից կարելի է ենթադրել, որ հետսովետական երկրները Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է սպասեն, որպեսզի իրենց մեծ եղբայրները լուծեն իրենց հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս